Երեկ վերջապես հստակեցվեց, թե ինչ պաշտոն է առաջիկայում զբաղեցնելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ինչպես տեղեկացրել էինք դեռ օրեր առաջ, նա ղեկավարելու է ձեւավորվելիք միասնական քննչական մարմինը: Երեկ Սերժ Սարգսյանը ստորագրեց համապատասխան կարգադրությունը, եւ Աղվան Հովսեփյանը նշանակվեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հան ձնաժողովի նախագահ: Նշենք, որ Աղվան Գառնիկիչի ղեկավարելիք մարմնում ընդգրկվելու են ոստիկանության, պաշտպանության նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունները: Սա բավականին լուրջ կառուցվածքային փոփոխություն է, որի հիմնավորումը, սակայն, այդպես էլ իշխանությունների կողմից չի ներկայացվում հանրությանը: Օրինակ` շարքային քաղաքացու համար հասկանալի չէ, թե այս նորաստեղծ մարմնի ձեւավորմամբ ինչ է փոխվելու, որքանով է դա նպաստելու Հայաստանում քննչական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, եւ, ամենակարեւորը, եթե սա քննչական մարմինների աշխատանքի կազմակերպման առավել արդյունավետ մոդել է, ապա ինչու էին ՀՀ իշխանություններն այսքան տարի սպասում, եւ միայն Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո ձեռնամուխ լինում դրա ձեւավորմանը: Սրանք հարցեր են, որոնց, սակայն, հայրենի իշխանությունները դժվար թե հարկ համարեն պատասխանել, քանի որ նրանք վաղուց դադարել են իրենց գործողություններում հաշվետու լինել հանրությանը: Փոխարենը արդեն սովորական է դարձել այն, որ Սերժ Սարգսյանը հատուկ իրեն լավ ծառայած մարդկանց համար ստեղծում է պետական միջոցներով ֆինանսավորվող նորանոր պաշտոններ: Այդպես եղավ Արթուր Բաղդասարյանի դեպքում, երբ նա նշանակվեց ԱԱԽ քարտուղար եւ ձեւավորեց ԱԱԽ գրասենյակը, այդպես եղավ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեպքում, երբ նա նշանակվեց գոյություն չունեցող Ճարտարապետական կոմիտեի նախագահ, հիմա էլ այդպես է Աղվան Հովսեփյանի համար ստեղծած միասնական քննչական մարմնի դեպքում: Ու թեեւ առայժմ Աղվան Գառնիկիչի վերահսկողությունից դուրս են մնալու ՀՔԾ-ն եւ ԱԱԾ քննչական ծառայությունը, հաշվի առնելով մեր երկրում կատարվող կառուցվածքային փոփոխությունների տրամաբանությունը, չի կարելի բացառել, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կարող է որոշել, որ, օրինակ, Վահրամ Շահինյանն այդքան էլ հավատարիմ չի ծառայում իրեն, ու թերեւս, արժե ՀՔԾ-ի թեւերն էլ կտրել: Մի երկրում, որտեղ կառավարման համակարգը ձեւավորվում է բացառապես միջանձնային հարաբերությունների ու մեկ մարդու քաղաքական շահերի հիման վրա, սպասելի են ցանկացած փոփոխություններ: Ի վերջո, Սերժ Սարգսյանն անգամ ՀՀ Սահմանադրությունն է պատրաստվում փոխել, որպեսզի փոխվարչապետերի հավելյալ պաշտոններ բացի ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի չբավարարված մասի համար: Ինչ արած` բոլորը պաշտոն են ուզում: Իսկ Սերժ Սարգսյանն էլ, ինչպես գիտենք, բարի մարդ է:
ՊԱՇՏՈՆԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ