ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՏՔԻ ԵՆ «ԿԱՆԳՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արարատի քաղաքապետի պաշտոնի համար լուրջ «մրցավազք» է սկսվել, որի գլխավոր դերակատարներն Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանն են (Ավշարի Արայիկ): Չնայած այն բանին, որ ընտրության օրը դեռեւս որոշված չէ, նրանք ամեն կերպ ցանկանում են իրենց մարդուն առաջ մղել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Գրիգորյանի եւ Է. Բարսեղյանի հետ` պարզելու, թե ում թեկնածությունն են ցանկանում առաջադրել:

ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
-Պարո՛ն Բարսեղյան, տեղեկություններ կան, որ Դուք Արարատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ունենալու եք Ձեր «սեփական» թեկնածուն: Ո՞ւմ թեկնածությունն եք ցանկանում առաջադրել:
-Արարատի քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ մենք դեռ օրը չենք որոշել: Օրը կնշանակվի, առաջադրումները կսկսվեն, այն ժամանակ նոր պարզ կլինի, թե ովքեր են իրենց թեկնածությունն առաջադրելու: Ես պաշտոնատար անձ եմ ու չեմ կարող որեւէ մեկին առաջադրել, կուսակցությունը կորոշի, կառաջադրի:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք երկակի «խաղի» մեջ եք մտել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի հետ, քանի որ ԲՀԿ-ին ասել եք՝ եթե իրենք թեկնածություն առաջադրեն, ապա ներքին կարգով Դուք ԲՀԿ-ի թեկնածուին եք սատարելու: Իրականում նման բան կա՞:
-Ո՞վ է ԲՀԿ-ին խոստումներ տալիս, եթե ես ՀՀԿ-ի մարզային խորհրդի նախագահն եմ, հիմա շատ բան են ասում: Նման բան ո՞նց կարող է լինել, ես ո՞նց կարող եմ ԲՀԿ-ին խոստանալ, որ ես… Ձեզանից եմ այդ խոսակցությունը լսում:
-Այդուամենայնիվ, շատերի աչքից չի վրիպել այն, որ վերջին շրջանում շատ ջերմ հարաբերություններ ունեք ԲՀԿ-ի հետ…
-Ես բոլոր կուսակցությունների հետ ունեմ ջերմ հարաբերություններ, նրանք իմ թշնամիները չեն, նրանք մեր երկրի բնակիչներն են, մեր երկրի քաղաքացիներն են: Կանցնի, թե չի անցնի` դա հարցի մի կողմն է, բայց որ մենք մեր կուսակցության թեկնածուին ենք պաշտպանելու, դա միանշանակորեն այդպես է:

ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
-Պարո՛ն Գրիգորյան, Արարատի քաղաքապետի ընտրություններում Դուք Ձեր թեկնածուն ունենալո՞ւ եք:
-Իրականությունն այն է, որ ՀՀԿ-ն ում առաջարկի, ես նրան էլ կաջակցեմ իմ հնարավորության սահմաններում: Ես էլ առաջարկ չունեմ, թող իրենք որոշեն: Մենք միասնական ենք աշխատելու:
-Տեղեկություններ կան, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ԲՀԿ-ականներին խոստացել է իրենց թեկնածուին եւս սատարել, հնարավո՞ր է՝ Դուք էլ նման բան անեք:
-Նման բան ո՞նց կլինի, որ մարզպետը ԲՀԿ-ին սատարի: Չէ՛, մարզպետն էդ մարդը չէ, որ տարբեր ձեւերով խաղա, միանշանակ չի կարող նման բան անել, ինքն էությամբ նման մարդ չէ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս