ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչն այսօր որոշումներ է կայացրել` մեղադրյալներ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի և գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին, գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին և գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է։