600-ամյա ընդմիջումից հետո Մայր Աթոռում ընթացող Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին 72 եպիսկոպոսներից մասնակցում է 62-ը: «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացավ, որ ժողովին Ֆրանսիայից ներկա է միայն Տարոն եպիսկոպոս Ջերեջյանը: «Ֆրանսիայից Տարոն սրբազանն է ներկա, սակայն Նորվան արք. Զաքարյանը չի մասնակցում»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ բոլոր եպիսկոպոսները հրավիրված են եղել ժողովին. «Բոլորը, անգամ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը, անկախ ձեզ հայտնի իրադարձություններից, հրավիրվել էր` մասնակցելու Հայ Եկեղեցու կյանքում կարեւոր այս ժողովին: Պատրիարքն իր հայտնի նամակի մեջ տեղեկացրել էր իր որոշման մասին, ինչին ի պատասխան՝ Վեհափառ հայրապետի կողմից նրան այնուամենայնիվ հրավեր էր ուղղվել՝ մասնակցել ժողովին: Իսկ ինչ վերաբերվում է Նորվան սրբազանին, այս պահին չեմ կարող անհրաժեշտ լուսաբանություն տալ ձեզ»:
Հիշեցնենք, որ վերջերս Երուսաղեմի Նուրհան արք. Մանուկյանը նամակ էր ուղղել կաթողիկոսին, որի մեջ ասվում էր, որ վերջին տարիներին Հայ եկեղեցում տեղ են գտել որոշ անհարիր երեւույթներ: Իսկ Նորվան արք. Զաքարյանն էլ Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 1-ին: Սա նրա բողոքի քայլն էր սփյուռքի, մասնավորապես Ֆրանսիայի թեմի եւ եկեղեցիների հոգեբարձության հանդեպ կաթողիկոսի ոչ ադեկվատ վերաբերմունքի դեմ: Այսինքն՝ այն հոգեւոր հայրերը, որոնք Վեհափառ հայրապետին քննադատել են, որոշել են նաեւ բոյկոտել նրա կազմակերպած կարեւորագույն միջոցառումը: Սա, ի դեպ, լրջագույն վտանգ է, որ ծառացել է առաջինը քրիստոնեությունն ընդունած մեր ժողովրդի առաջ:
ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ