ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՌՈՒՍԱՄԵՏ ԽԱՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչեւ վերջերս ջանք չէր խնայում ցույց տալու, թե ինքն արեւմտամետ գործիչ է, պարբերաբար շրջագայում էր Եվրոպայով, ամենուր հայտարարում, թե կողմ է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին, իսկ ահա Մաքսային միությանն անդամակցությունը ՀՀ-ի համար անիմաստ է: Ընդ որում, նման դիրքորոշում Տ. Սարգսյանը հայտնել է պարբերաբար` մի քանի տարի շարունակ: Դատե՛ք ինքներդ:
08.06.2011թ. Վիեննա: Համաշխարհային տնտեսական համաժողովի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստին՝ իր ելույթի ժամանակ, Տ. Սարգսյանը հայտարարել է. «Անիմաստ է անդամակցել Մաքսային միությանը, որովհետեւ մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ՝ ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք Մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով եւ մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպված կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը` համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, եւ դրան շատ դժվար է գնահատական տալ»:
07.04.2012թ.: Ռուսական «Գազետա» կայքին տված հարցազրույցում Տ. Սարգսյանն ասել է. «Համաշխարհային պրակտիկայում դեռեւս չկան օրինակներ, երբ որեւէ երկիր դառնում է նման դաշինքի անդամ` չունենալով ընդհանուր սահման դաշինքի երկրների հետ: Այդ դեպքում նման դաշինքի առավելությունները բացակայում են, քանի որ արտադրողներն ապրանքի արտահանման կամ ներկրման ժամանակ ստիպված են մաքսազերծում անցնել երրորդ երկրի տարածքում: Արդյունքում առավելությունները դառնում են խնդիրներ. ապրանքի ազատ շարժից օգտվել դուք չեք կարող, սակայն պարտավոր եք մաքսային սակագները համաձայնեցնել դաշինքի այլ անդամների հետ»:
12.04.2012թ.: Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Տ. Սարգսյանը հայտարարել է. «Ինտեգրման գործընթացներում մենք չենք տեսնում մեզ համար արգելքներ ԵվրԱզԷս-ի եւ ԱՊՀ երկրների տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այդ գործընթացները խորանան ու ուժեղանան: Բայց համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունը լինի առանց մաքսային զննման: Մեր պարագայում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք այլ պետության տարածքով եւ կրկնակի անցնում ենք մաքսազերծում: Դա անիմաստ է դարձնում մաքսազերծման թեթեւացումը տնտեսվարող սուբյեկտների համար: Դրա փոխարեն մենք կստանայինք միայն խնդիրներ: Մեր ռուս գործընկերներն ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին: Մենք որոնում ենք համագործակցության ուղիներ՝ առանց Մաքսային միության: …Մաքսային միությունը մեզ համար չի հանդիսանում այնպիսի գործիք, որը պետք է եկամտաբեր լինի տնտեսվարող սուբյեկտների համար: Իսկ այդ դեպքում այն դառնում է անիմաստ»:
04.03.2013թ.: Ռուսական «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում Տ. Սարգսյանը նշել է. «2012 թվականի օգոստոսի 8-ին մեր պետությունների ղեկավարները նման հանձնաժողովի ստեղծման որոշում են կայացրել: Խոսքը սահմանների բացակայության մասին չէ: Հայաստանի յուրօրինակությունն այն է, որ Հայաստանի տնտեսությունը խիստ տարբերվում է Մաքսային միության անդամ պետությունների տնտեսությունից, որոնք ունեն էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ, եւ որտեղ գոյություն ունեն` ի պաշտպանություն տեղական արտադրանքի, բարձր մաքսատուրքեր: Մաքսային միությունում մաքսատուրքերի չափերը երկու անգամ բարձր են Հայաստանի համեմատ»:
Այս խոսքերի հեղինակը 2013թ. սեպտեմբերի 18-ին ստորագրել է որոշում` Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողով եւ համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին: Իսկ այդ հանձնաժողովի նախագահը լինելու է նույն ինքը` վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Փաստորեն, մինչեւ վերջերս իրեն արեւմտամետ ներկայացնող վարչապետը հիմա էլ հանդես է գալիս ռուսամետի դիմակի տակ: Թեեւ ակնհայտ է, որ իրականում Տ. Սարգսյանը ո՛չ արեւմտամետ է, ո՛չ էլ ռուսամետ: Նա պարզապես «պաշտոնամետ» է եւ իր պաշտոնը պահպանելու համար պատրաստ է հանդես գալ տրամագծորեն տարբեր հայտարարություններով:
19.09.2013թ.: ՀՀԿ նիստից հետո լրագրողներից մեկը Տ. Սարգսյանից հետաքրքրվել է, թե արդյոք փոխվել է նրա դիրքորոշումը Մաքսային միության վերաբերյալ: «Ո՛չ»,-ասել է վարչապետը: Թե այդ «ոչ»-ը որ դիրքորոշմանն է վերաբերում, անհայտ է մնում:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ «փակ» հանդիպման ժամանակ տարակուսել է, թե «ինչու եք զարմացել, որ մենք գնացել ենք ՄՄ»: Լրագրողները Ս. Սարգսյանին հիշեցրել են ՀՀ վարչապետի հարցազրույցները ՄՄ-ի դեմ, ինչին ի պատասխան՝ նա նշել է՝ «բայց վարչապետը նման բան չի ասել»: Երբ լրագրողները համառել են, Սարգսյանը կրկին զարմացել է. «Բայց վարչապետը նման բան չպիտի ասեր»: Հետաքրքիր է, այս հիշեցումներից հետո Ս. Սարգսյանն ի՞նչ կասեր:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս