Սանկտ Պետերբուրգում հունիսի 20ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթացը վերսկսելու համար: Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որում արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը վերցրել էին. առաջին հերթին կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով, նաև՝ 9495 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի հարգում: Դրա կարևորության մասին հատուկ շեշտեցին եռանախագահող երկրների նախարարները, ընդգծեցին նաև հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որով կփաստվեն միջադեպերը ինչպես հայադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղաադրբեջանական շփման գծում, ինչպես նաև ԵԱՀԿ թիմի կարողությունների ընդլայնման մասին խոսք գնաց», -նշեց նախարարը:
Նալբանդյանը հիշեցրեց՝ հետո կայացան արտգործնախարների հանդիպումներ Բրյուսելում և Փարիզում, որտեղ եռանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկները այստեղ խոսքը հատկապես երկու առաջարկություններին է վերաբերում` հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի՝ դիտարկում իրականացնող թիմի ընդլայնում:
«Հայկական կողմն աշխատում է եռանախագահողների հետ այդ երկու առաջարկությունների վրա: Ցավոք, կարող ենք ասել որ Ադրբեջանը մինչ այսօր այդքան կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարց վերաբերյալ: Իրենք ԵԱՀԿի ֆինանսական ու բյուջետային հանձնաժողովում խոչընդոտեցին մշտական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման ֆինանսավորմանը: Իսկ այսօր հանդիպմանը նախագահների մակարդակով ևս մեկ անգամ վերահաստվեց, որ խումբը պետք է ընդլայնվի, և դրա մասին նշվեց նաև նախագահների համատեղ հայտարարությունում», -փաստեց ԱԳ նախարարը:
Այդուհանդերձ, խնդիրը մնում է նշված մեխանիզմները կյանքի կոչելու մակարդակում, քանի որ դրանց մասին առաջին անգամ չէր, որ խոսվում էր: Նման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով դեռ Սոչիում՝ 2011-2012 թթ-ին: Արդյունքում կրկին նույն բանն էր պատահել. ամեն անգամ Ադրբեջանը փորձել էր ետքայլ կատարել:
«Բացի այդ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ այս ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր, չէի ասի, որ կառուցողական, հայտարարություններով է հանդես եկել: Նաեւ, երեկ եւ գագաթնաժողովի օրերին Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25.000 զինվորների, ծանր զինատեսակների, սպառազինության ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի գագաթնաժողովներից առաջ եւ դրանց ընթացքում»,- հավելեց Նալբանդյանը: