Ինչ է «Յանդեքս տաքսի»-ն և ինչ է սպասվում վարորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամերիկյան համալսարանում հունիսի 18-ից մեկնարկել էր երկօրյա «Բարքեմփ 2016» կոնֆերանսը, որի շուրջ կրքերը մինչ օրս չեն դադարում:  Բանն այն է, որ միջոցառման ընթացքում Դանիիլ Շուլեյկոն ներկայացրել է «Յանդեքս տաքսի» ծառայությունը,  որը Հայաստանում պատրաստվում է մեկնարկել հուլիսի 1-ից:

Դանիել Շուլեյկոն վստահեցրեց, որ իրենց ծառայությունը հարմարավետ է լինելու և  վարորդների, և ուղևորների համար. վարորդները ավելի շատ գումար են վաստակելու, իսկ ուղևորներն էլ ավելի քիչ ծախսելու: Առանձնահատկությունը թերևս այնն է, որ  «Յանդեքս տաքսի»-ն նոր սակագնով է աշխատելու՝ առաջին 2 կիլոմետրը՝ 100 դրամ, ինչից հետո յուրաքանչյուր կիլոմետրը 100 դրամ:

Ներկաները հետաքրքրվեցին, թե նման սակագինը «Յանդեքս տաքսին» ինչքա՞ն ժամանակ է շարունակելու պահպանել՝ հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունները: Դանիիլ Շուլեյկոն պատասխանեց. «Այս սակագինը մենք գրեթե միշտ կփորձենք պահել: Հնարավոր է, այն փոխվի բենզինի գնի հետ կապված»:

Նույն միջոցառման երկրորդ օրը ելույթով հանդես եկավ հայկական շուկայում «Յանդեքս տաքսի» մրցակից տաքսի ծառայություններից «Ջիջի տաքսիի» համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը: Հարցուպատասխանի ընթացքում նա հայտարարեց. «Այս միջոցառմանը էդ ձեւի մրցակից ընկերությանը, որը իրեն լկտի է պահում գովազդելը մեր ռեսուրսներով՝ կարող է դավաճանություն լինել»:

Նշենք, որ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ու տեխնիկայի կիրառմամբ առաջին տաքսի ծառայություն ծրագիրը՝ ggTaxi-ն, մշակվել ու որպես սթարթափ ներկայացվել է «ՋիՋի լաբորաթորիզ» ընկերության կողմից, մեկուկես տարի առաջ: Այն հնարավորություն է տալիս մի քանի եղանակով՝ Android և IOS համակարգերով աշխատող հավելվածի, կայքի, ինչպես նաև հեռախոսային զանգի միջոցով տաքսի պատվիրել: Այս ծառայության տեխնոլոգիական առավելություններից մեկն այն է, որ հաճախորդը կարող է նախապես տեղեկություններ ստանալ իրեն սպասարկող վարորդի կամ մեքենայի վերաբերյալ, տեսնել մեքենայի մոտենալը, գտնվելու վայրը և այլն:

Яндекс.Տաքսին (Yandex.Taxi) ծառայություն է, որը թույլ է տալիս տաքսի պատվիրել շահավետ սակագներով` առանց հեռախոսազանգի։ Տաքսին կարելի է պատվիրել կայքի և iPhone, Android, Windows Phone պլատֆորմերի համար գործող Яндекс.Տաքսի բջջային հավելվածի միջոցով։ Ծառայության հիմնական առավելություններն են տաքսի պատվիրելու հարմարավետությունը, բանկային քարտով կամ կանխիկով վճարելու հնարավորությունը, շահավետ սակագները։ Մեքենան մոտենում է միջինը 7 րոպեում։

Ծառայությունն աշխատում է Ռուսաստանի խոշոր քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Նիժնի Նովգորոդում, Կալինինգրադում, Տուլայում, Ուֆայում, Վորոնեժում և այլն։ Վարորդներն անցնում են հատուկ ատեստավորում, իսկ ավտոմեքենաները ստուգվում են` համապատասխան չափորոշիչներին համաձայն։

Հավելենք, որ տեղական տաքսի ծառայություններն արդեն իսկ բարձրաձայնում են իերնց դժգոհությունը նոր ծառայության դեմ և այսօր «Տեղական տաքսի ծառայությունները թույլ չեն տալու  «Յանդեքս տաքսի» ծառայության մուտքը հայկական շուկա. կասեցման  գործընթաց և հնարավոր զարգացումներ» անվամբ մամուլի ասուլիս տեղի կունենա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս