ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌՈՒՍՆԵՐԸ ԼԿՏԻԱՆՈՒՄ ԵՆ
«Առավոտ»-ի տեղեկացմամբ` երեկ Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել ՌԴ-ի անվտանգության աշխատակիցները: Նրանք փակել են ճանապարհը, թույլ չեն տվել, որ պատգամավորն ու «Ժառանգության» ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, ՌԴ-ի ներկայացուցիչներից մեկը հարձակվել եւ կոտրել է նրանց տեսախցիկը: Փոստանջյանը Մեղրի էր մեկնել՝ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի իրենց թեկնածուի համար քարոզարշավի:

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՈՍՏԻԿԱՆ Է
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները երեկ բացահայտել են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ավազակային հարձակումը: Պարզվել է, որ հանցագործը ոստիկանության սերժանտ է՝ պարետային ծառայության աշխատակից: Հիշեցնենք, որ նա զենքի սպառնալիքով ներխուժել էր տուն, հափշտակել գումար ու այլ իրեր, ապա տանտիրուհուն ու դստերը նստեցրել նրանց իսկ մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ:

ԿԴԻՄԻ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է դիմել ՀՀ երեք նախագահներին` առաջարկելով հանդիպել եւ քննարկել Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետեւանքներն ու ՀՀ առջեւ այսօր ծառացած մարտահրավերները: Իսագուլյանի գնահատմամբ` իշխանության բոլոր հայտարարությունները, թե լուրջ քննարկումներ են եղել մինչեւ սեպտեմբերի 3-ը, «մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում». «Վերեւից ասվեց որեւէ միտք, մնացած բոլորը դա կրկնում են: Վաղը ասեն հակադիր միտքը, կրկնելու են էլի բոլորը: Սա քաղաքական անմեղսունակություն է: Ես անպայման հայցելու եմ ՀՀ երեք նախագահներին` հանդիպման խնդրանքով: Սա միակ ֆորմատն է, որը կարող է քննարկել ու առաջարկել լուծումներ»:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՊԱՐԶԱԲԱՆԻ
Սեպտեմբերի 30-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Սերժ Սարգսյանը:  «Ազատություն»-ը նկատում է, որ Մաքսային միություն մտնելու՝ սեպտեմբերի 3-ի անակնկալ հայտարարությունից հետո սա նրա առաջին այցն է Եվրոպա: Ս. Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այն հարցին, թե ինչու Հայաստանը չորս տարի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները բարեհաջող ավարտելուց հետո անակնկալ կերպով որոշեց մտնել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն:




Լրահոս