ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՏՎԵՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
ՀՀ կառավարության e-gov.am կայքի «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում համապատասխան պայմանագրերի կրկնօրինակները սկսել են շատ հազվադեպ տեղադրել: Ընդ որում, հիմնականում տեղադրում են մինչեւ կես միլիոն դրամ արժողության գների մասին պայմանագրերը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական վերնախավում տարբեր գերատեսչությունների, մասնավորապես ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ դժգոհություն են հայտնել այդ պայմանագրերի նկատմամբ մամուլի ցուցաբերած ուշադրությունից, որ իրենց կատարած գնումները դառնում են քննարկման ու քննադատության առարկա: Եվ հիմա ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ բոլոր պայմանագրերը տեղադրվեն, եւ հատկապես մեծ գնումների մասին տեղեկությունները պարզապես չհրապարակվեն: «Մեկ ա՝ ով ա իմանում, թե ումից ինչ ենք առնում»,-ասել են փաստաթղթերը գաղտնի պահելու կողմնակիցները:

ՍՏԻՊՈՒՄ ԵՆ
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցների մեծ մասը հայտնվել է անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հուլիս ամսին բուհի աշխատակիցների նվազագույն աշխատավարձը բարձրացել է 10.000 դրամով: Աշխատակիցներն ըստ պատշաճի ստացել են բարձրացված աշխատավարձը իրենց հասանելիք արձակուրդային վճարի հետ միասին: Սակայն օրերս բոլորին զգուշացվել է, որ բարձրացված 10.000-ական դրամները բուհը պետք է վճարի իր ֆինանսների հաշվին, ինչն ուղղակի անհնար է, բուհը փող չունի: Եվ ահա Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը «գտել է ելքը». ստիպել է աշխատակիցներին, որ անձամբ դիմումներ գրեն ու հրաժարվեն բարձրացած աշխատավարձից կամ իրենց մեկ դրույքից՝ անցնելով 0,75 դրույքաչափին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցներից շատերը հրաժարվել են դիմում գրել, ինչին ի պատասխան՝ ռեկտորը սպառնացել է ըմբոստացողներին հեռացնել աշխատանքից: Այս իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Շ. Շահինյանի հետ, սակայն պարզվեց, որ վերջինս ՀՀ-ում չէ:
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերից բուհի ուսման վարձը բարձրացել է` 600.000 դրամից դառնալով 800.000 դրամ:

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած մի խումբ քաղաքացիներ ահազանգեցին, թե ինչ է կատարվում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում: «Դպրոցի տնօրենը տարվա մեջ երեք օր` իր ծննդյան օրը, ուսուցիչների օրը, ինչպես նաեւ Նոր տարվա առիթով պարտադրում է բոլոր ծնողներին 3000-ական դրամ հավաքել: Մենք այս պայմաններում ի վիճակի չենք այդքան գումար վճարել եւ վախենում ենք որեւէ բան ասել, քանի որ հասկանում ենք, որ երեխաների համար վատ կլինի: Բայց ի՞նչ անենք»,-դժգոհեց ծնողներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում: Դպրոցի տնօրեն Նարինե Զատիկյանը, սակայն, հերքեց տեղեկությունը. «Վստահեցնում եմ, իրականությանը չի համապատասխանում: Ոչ մի դրամահավաք չի եղել ու չի կարող լինել: Թող ծնողներն անձամբ ինձ դիմեին, թե որ ուսուցիչն է նման բան արել, եւ ես անմիջապես կազատեի աշխատանքից, բայց մենք նման բողոք երբեք չենք ստացել»:




Լրահոս