ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ՝ ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ԿՈՒԼ ՉՏՎԱԾ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկը) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով 2012թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից իր որդու ընկերների նկատմամբ կայացված վճռին, կարծիք հայտնեց, որ դատարանը մեղմ վերաբերմունք չի դրսեւորել երիտասարդների նկատմամբ: Ավելին, նրա կարծիքով՝ իր որդու ընկերները լավ են արել, որ ծեծել են:
Հիշեցնենք, որ խոսքը 2012թ. սեպտեմբերի 9-ին Բամբակաշատ գյուղում կատարված միջադեպի մասին է: Ըստ մեղադրանքի՝ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Զոհրաբ Եղիկյանը, Կառլեն Եղիազարյանը եւ Սպարտակ Եղիկյանը, որոնք Ալեքսան Պետրոսյանի որդու՝ Մակար Պետրոսյանի ընկերներն են, տեղեկացել էին, որ իրենց համագյուղացի Արման Սարգսյանը հայհոյել է հարազատ ընկեր Մակարին, եւ վրեժխնդիր լինելու նպատակով գնացել էին իրենց գյուղի մշակույթի տանը գտնվող ընտրատեղամաս, որտեղ Արմանը վստահված անձ է եղել: Հենց տեղամասում նրանք կռվի էին բռնվել Արմանի հետ, հայհոյել նրան, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին՝ պատճառել առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ինչպես փորձն է ցույց տալիս, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Թեեւ ողջ տուրուդմփոցը կազմակերպվել էր պատգամավորի որդու համար, սակայն նա այդպես էլ մեղադրյալների շարքում չհայտնվեց: Միայն նրա 3 ընկերները մեղադրվեցին խուլիգանության մեջ, ընդ որում երկուսը կալանավորվեցին:
Անցած տարվա նոյեմբերի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Սարգսյանը որոշեց Զոհրաբ Եղիկյանի եւ Կառլեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացնել եւ նրանց Սպարտակ Եղիկյանի հետ միասին հանցավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն)` դատապարտելով տուգանքի` 300.000 դրամի չափով:
Այսպիսով՝ ոչ միայն Ա. Պետրոսյանի որդին ջրից «չոր դուրս եկավ», այլեւ նրա որդու ընկերները ծեծի թեման փակեցին «տուգանքով»: Բայց ուշագրավն այն է, որ այս իրավիճակից դժգոհ է ոչ միայն տուժող կողմը, այլեւ ՀՀԿ-ական պատգամավորը. «Դժգոհ եմ, քանի որ իմ որդու ընկերները մի կռվի համար հենց նենց տեղը, որ մեղավոր էլ չէին, 2 ամիս կալանավորված մնացին: Եթե մի գյուղացի տղա մեկին մեր է հայհոյում, ու նրան ծեծում են, ապա լավ են անում, որ ծեծում են: Օրինակ, եթե Ձեզ մեր հայհոյեն, Դուք կասեք ապրե՞ս: Բա էլ ինչի՞ մասին է խոսքը, հայ տղա է, հայհոյել են, նրանք էլ բռնել ծեծել են, լավ են արել, մի բան էլ դաստիարակել են»:
Ըստ պատգամավորի՝ իրականում այս ամենը սկսվել է նրանից, որ շատ մարդիկ նախանձել են իր որդուն եւ ավել-պակաս խոսել իրենց մասին, իսկ ինքն էլ արդեն սկսել է այդ «հաչոցները» բանի տեղ չդնել:
«Շատ քիչ մարդիկ կան, որ ուզում են՝ մեր երկրի համար ամեն ինչ լավ լինի, իրենց ձեռ չի տալիս, որ մարդիկ աշխատեն: Իսկ իմ որդին մեծ գործարանի տնօրեն է: Նրանց ձեռ է տալիս՝ ինչքան քիչ մարդ Հայաստանում աշխատի, այնքան լավ, ինչքան շատ մարդ Հայաստանից դուրս գնա, այնքան ավելի լավ, ու այն, ինչ կատարվեց, չարության դրսեւորում էր»,-ներկայացրեց պատգամավորը՝ չցանկանալով անուններ տալ, քանի որ, ըստ նրա, այդ չար մարդիկ տարբեր են, եւ ինքը չի ցանկանում «ծառի վրա չորացած ճյուղ ման գալ»:
Փորձեցինք պատգամավորի միջոցով զրուցել նրա որդու հետ, սակայն նա ասաց, որ չի ցանկանա՝ իր որդու հետ խոսենք, քանի որ չի ուզում, որ նրա հոգին պղտորենք. «Նա առավոտվանից աշխատում է, ու լավ կլինի՝ մարդիկ բերանները բացելուց առաջ լավ մտածեն»:
 Մեր այն հարցին, թե ինչու է իր որդու անունը հաճախ շոշափվում սկանդալային միջադեպերի ժամանակ, պատգամավորը խուսափողական պատասխան տվեց. «Իմ տղան շատ ճիշտ է պահել իրեն: Այն, ինչ ասում են, խոսակցություններ են, եւ ես այդ խոսակցություններն այլեւս բանի տեղ չեմ դնում: 30 տարեկան տղա է՝ կրթություն ստացած, 4 լեզուների է տիրապետում, 10 հատ այդպես տղայի անո՛ւն տվեք, իսկ հիմա որ ասեմ՝ մի քանի անդաստիարակի անո՛ւն տվեք, քանի՜ հատի անուն կտաք, չէ՞»:
Պատգամավորի խոսքով՝ այս ամենն իր որդու հետ այդքան էլ կապ չունի եւ ավելի շատ կապված է իր անձի հետ, քանի որ չար մարդիկ շատ կան: Բայց, այդուամենայնիվ, Պետրոսյանը խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել խոսակցություններին:
Ի դեպ, հիշեցնենք, որ երբ Բամբակաշատի դեպքը տեղի ունեցավ, հայր եւ որդի Պետրոսյանները հրապարակավ հերքում էին իրենց մասնակցությունը դրան, իսկ հիմա պատգամավորն ասում է, թե «լավ են արել»:
Ինչեւէ, տուժող կողմն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում՝ պահանջելով ազատազրկման դատապարտել ծեծողներին, սակայն երկու բողոքներն էլ մերժվել են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս