ՔԱՂԱՔԱԿԱՆ Է
ՀՀ պետեկամուտների կոմիտեն սկսել է «հետապնդել» ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին պատկանող ընկերությունները: Երեկ «Ռադիո հայ» ՍՊԸ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մինչեւ հոկտեմբերի 4-ը գործադուլ է սկսել: Ամեն աշխատանքային օր, ժամը 12-ից սկսած, մեկ ժամով կդադարեցվի «Ռադիո հայ» ռադիոկայանի եթերի սպասարկումը, իսկ մյուս ժամերին կիրականացվի ավտոմատացված եղանակով: Պատճառն այն է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդունել է որոշում` հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակներում անցկացնել արտահերթ ստուգումներ: Սեպտեմբերի 23-ին ՊԵԿ նախագահի ստորագրած հանձնարարագրի համաձայն՝ «Ռադիո հայ» ՍՊԸ-ում եւ ուրիշ այլ ռադիոկայաններում պետք է իրականացվեն արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաեւ իրացման փաստացի գների, այդ թվում՝ միջին, չափագրում: Ընդ որում, «Ռադիո հայ» ՍՊԸ-ում այդ չափագրումները պետք է ներառեն ժամանակահատված՝ սկսած 2009թ. հունվարի 1-ից: Սակայն ավելի ուշ ՊԵԿ-ը, ի պատասխան այս հայտարարության, պարզաբանում տարածեց, ըստ որի՝ ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն:
Մինչդեռ «Ռադիո հայ» ՍՊԸ-ի սեփականատեր Անդրիաս Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս ստուգումներն ունեն քաղաքական ենթատեքստ. «Այսօր (երեկ-խմբ.) իմացա, որ հարկային տեսչությունը ցանկանում է նաեւ նմանատիպ չափագրություններ իրականացնել «Ա-3» ՍՊԸ-ում, որը մեր ընտանիքին պատկանող ձեռնարկություն է: Արդեն ակնհայտ է, որ սա որոշակի ուղղվածություն ունեցող որոշում է: Այլ կերպ ասած՝ մենք սա դիտարկում ենք հարկային գործիքներն օգտագործել որպես հետապնդման միջոց: Ինչի համար որոշեցինք քաղաքական գնահատական տալ սրան»:
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՉԷ
Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը, «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե իր ամուսինը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Ասել է՝ ես էդ մարդը չեմ, ես կաշառակեր չեմ: Ինքը ո՛չ կաշառակեր է եղել, ո՛չ էլ էն: Ինքը հասնող է եղել… բոլորին օգնել է, ով մոտեցել է, ամեն հարցում օգնել է»,-պնդել է Ավետիսյանի կինը: Նա փոխանցել է նաեւ, թե չի կասկածում, որ ամուսնու ձերբակալությունը կապված է բողոքի ակցիաների հետ: «Կաշառակեր մարդու տունն այսպե՞ս կլինի»,-վերանորոգման կարոտ պատերն ու համեստ կահ-կարասին մատնացույց անելով՝ հուզված փոխանցել է տիկին Մարգարիտան, որն այժմ ստիպված է միայնակ խնամել իր վեց երեխաներին եւ ամուսնու թոշակառու մորը: