ՓԱՌԱՀԵՂ ԱՐՏԱՔԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՓԱՌԱՀԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Խաչատրյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում աշխատելու շրջանում, ինչպես պատմում են, հանդիպում է եղել օտարերկրյա մի պատվիրակության հետ: Պատվիրակության ղեկավարը, տեսնելով իր դիմաց կանգնած փառահեղ արտաքինով տղամարդուն, ասել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կեցվածք ունի»: Սակայն Խաչատրյանի դեպքում փառահեղությունը, ցավոք, սահմանափակվում է միայն երբեմնի կեցվածքով:
Արմեն Խաչատրյանը, ինչպես հայտնի է, ներկայումս Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Եվրոպայի խոշորագույն պետություններից մեկում ներկայացնել Հայաստանը, ԱՊՀ կանոնադրական հանձնաժողովներում եւս լինել ՀՀ պատվիրակը՝ մեծ պատիվ է, սակայն բոլորին է հայտնի, որ Բելառուսի հետ մեր հարաբերությունների հղկման եւ զարգացման գործառույթները ոչ թե դեսպանն է իրականացնում, այլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ուստի կարող ենք ասել, որ Ա. Խաչատրյանը դեսպան է աշխատում Ծառուկյանի մոտ՝ անընդհատ ստվերված ու աննկատ:
Երբ ստեղծվեց Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որի հիմնադիրն ու առաջնորդը Կարեն Դեմիրճյանն էր, Ա. Խաչատրյանը դարձյալ «ստվերի» կարգավիճակով հայտնվեց այնտեղ: Որպես քաղաքական գործիչ՝ նա որեւէ կերպ չառանձնացավ Դեմիրճյանի թիմում, սակայն կոմունիստական Հայաստանի նախկին առաջնորդը Ա. Խաչատրյանին հավանում էր որպես… լավ թամադա, ասող-խոսող, սեղան ծաղկեցնող մարդ: Ունենալով բանասիրական կրթություն՝ Խաչատրյանը լավ էր սերտել հայ քնարերգությունը, անգիր արել բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք էլ արտասանում էր հավաքույթների ժամանակ՝ ուրախություն պարգեւելով կոմունիստական նոմենկլատուրայի նախկին «հսկաներին»:
Ա. Խաչատրյանը գուցե բանասիրական կրթություն չստանար, եթե չլիներ հայրը՝ Ավագ Խաչատրյանը, որը համարվում էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ամենագործնական դասախոսներից մեկը: Հենց հոր ջանքերով էլ ավարտեց ինստիտուտը, մի քիչ ուսուցչություն արեց, ապա 1987թ. նշանակվեց Երեւանի թիվ 191 դպրոցի տնօրեն: Բախտավորություն էր 30 տարեկանում դպրոցի տնօրեն նշանակվելը: Իհարկե, հզոր օգնողներ ուներ, հայրը կարողանում էր լուծել բոլոր հարցերը: Երեք տարի դպրոց ղեկավարելուց հետո հոր հետ միասին դարձավ «Հրաչյա Աճառյան» համալսարանի համահիմնադիր եւ համասեփականատեր: Այս ամենից զատ, ստանձնեց նաեւ պրոռեկտորի պարտականությունները: Փույթ չէ, որ գիտական աստիճան չուներ, ըստ էության, երբեք գիտությամբ չէր զբաղվել, կարեւորն այն էր, որ համարվում էր համալսարանական պրոռեկտոր: Դե, բոստանն իրենցն էր, ուզենային՝ բակլան խաշած էլ կցանեին:
Այսպես 9 տարի նա ղեկավարեց համալսարանի կրթական գործունեությունը, բայց այնքան շատ էր տարված համալսարան եկող ֆինանսական հոսքերով, որ անգամ չհասցրեց թեկնածուական ատենախոսություն գրել ու պաշտպանել: Իսկ թեկնածուականը պաշտպանեց միայն այն ժամանակ, երբ արդեն ԱԺ նախագահն էր: Նրա ատենախոսությունը փռթկոց էր առաջացնում, առաջատար կազմակերպություն ճանաչված Գյումրու մանկավարժական ինստիտուտում բարձրաձայն կարդում էին տողեր ատենախոսությունից եւ քրքջում: Քրքջացին, քրքջացին, բայց չափազանց դրական կարծիք գրեցին: Ինչպե՞ս կարող էին չգրել, երբ պաշտպանողը երկրի երկրորդ դեմքն էր:
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում մի շարք սկանդալային պատմություններ կապակցվեցին Ա. Խաչատրյանի անվանը: Մասնավորաբար բազմաթիվ լրատվամիջոցներ գրեցին այն մասին, թե ինչպես է ԱԺ նախագահը Մոսկվայի «Pressident hotel»-ից վերցրել հյուրերի համար նախատեսված թանկարժեք խալաթը: Ա. Խաչատրյանը, իհարկե, արդարացավ՝ հավաստիացնելով, թե կարծել է, որ դա տրվում է հյուրերին՝ իրենց հետ տանելու համար, քանի որ հակահիգիենիկ է մի մարդու հագած խալաթը, այն էլ բարձրաստիճան պաշտոնյայի, մեկ ուրիշին տալը… Ինչեւէ, այս պատմությունից հետո Խաչատրյանը ձեռք բերեց համապատասխան մականուն` Խալաթ:
Խորհրդարանի նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ա. Խաչատրյանը խնդրեց, որ իրեն դեսպան նշանակեն: Ռոբերտ Քոչարյանը չմերժեց: Որքան էլ հեգնանքով էր նա խոսում Խաչատրյանի հետ, այնուամենայնիվ, չկամեցավ կոտրել սիրտը եւ ուղարկեց Ուկրաինա: Հայտնի է, որ հատկապես այդ տարիներին Ուկրաինան ձգտում էր Հայաստանի հետ որեւէ հարաբերություն չունենալ՝ ձեւական համարելով դիվանագիտական շփումները: Դե, Ա. Խաչատրյանին էլ սա էր պետք. Կիեւը գեղեցիկ քաղաք է, ուստի կարելի էր զմայլվել, հանգիստ կյանք վայելել եւ միաժամանակ կռիվ տալ հոր հետ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ունեցվածքի շուրջ: Նա դատարան դիմեց, արգելանք դնել տվեց դասախոսների աշխատավարձերի վրա, իսկ հետո էլ Խաչատրյանները յուրացրին շատ դասախոսների աշխատավարձեր…
Ավելի ուշ, երբ Անդրանիկ Մանուկյանն իր գրեթե բոլոր բիզնեսները տեղափոխեց Ուկրաինա, Արմեն Խաչատրյանին այլ բան չէր մնում անել, քան խնդրել Սերժ Սարգսյանին իրեն տեղափոխել Բելառուս` Կիեւի իր շքեղ նստավայրը փոխանցելով Մանուկյանին:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս