ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջին շրջանում քարոզչությունը կարծես լայն տարածում է ստացել: Հետաքրքիր է, ցանկացած մարդ, որ հավատում է Աստծուն, կարո՞ղ է քարոզել եւ տարածել նրա խոսքը, թե՞ դրա համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նա ուսում եւ իրավունք ունենա՝ քարոզչությամբ զբաղվելու:

Արփինե Կոստանյան (30 տարեկան, մատնահարդար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ամեն մարդ կարող է Աստծո խոսքը տարածել, բայց ոչ թե հռչակել իրեն միակ եւ ճիշտ քարոզիչը եւ ճշմարտություն ուսուցանող հոգեւոր հովիվ: Կարելի է բարեկամներին, հարեւաններին բացատրել քրիստոնեական ճշմարտությունը, որով եւ կատարվում է սրբազան պարտականություն: Այսօր հովիվ եւ քարոզիչ դառնալը միայն հոգու կանչով չպետք է սահմանափակվի: Քանի որ հիմա ինֆորմացիայի դար է, ապա քարոզիչը պետք է հսկայական ինֆորմացիայի տիրապետի, որպեսզի ոչ միայն կարողանա Աստծո խոսքը փոխանցել, այլեւ այդ խոսքը մատչելի դարձնել ցանկացած խավի եւ ցանկացած մասնագիտության տեր մարդու: Իսկ դրա համար տարիներ են պետք, որպեսզի անհատից հզոր քարոզիչ ձեւավորվի: Ուստի քարոզիչը ոչ միայն հավատացյալ անձ պետք է լինի, այլեւ համապատասխան կրթություն ստացած անհատ, որպիսիք են այսօր Հայ եկեղեցու հոգեւոր սպասավորները: Սա չի նշանակում, որ եթե մեկը ցանկություն ունենա Հայ եկեղեցու վարդապետությունն իր մտերիմին կամ բարեկամին հասցնել, չունի դրա իրավունքը: Նա կարող է այդ մարդուն եկեղեցի բերել, ծանոթացնել հոգեւոր հովվի հետ՝ հորդորելով մշտապես հոգեւոր խորհուրդներ ստանալ: Սա նույնպես ծառայություն է Աստծուն:

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր օրերում այնքան շատ են քարոզչությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները (որոնք 60-ից ավելի են), որ հաճախ ոչ սկզբունքային մարդիկ դառնում են ամենատարբեր կրոնական կազմակերպությունների գաղափարների հետեւորդներ: Անշուշտ, համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ամեն ոք ունի խղճի եւ դավանանքի ազատություն, սակայն կարծում ենք՝ յուրաքանչյուր հայի համար միակ ճշմարիտ ուղին Հայ առաքելական եկեղեցուն դավանելն է:




Լրահոս