ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրով տարեկան տոկոսադրույքի չափը 4 տոկոս է: Բայց որոշ համայնքներում այն 6 տոկոս է կազմում: Ինչո՞վ է պայմանավորված տոկոսադրույքի չափի տարբերությունը, եւ ի՞նչ չափորոշիչներով է այն որոշվում:

Գրիշա Հակոբյան (57 տարեկան, մեխանիկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ թիրախային տարածաշրջանների համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նպատակով ՀՀ կառավարության կողմից 31.03.2011թ. ընդունվել է «ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N1748-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ ՀՀ 2011թ. պետական բյուջեից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշումը:
Նույն որոշմամբ հաստատվել է «Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգը, որի 3-րդ հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ հանրապետության առավել կարիքավոր համայնքների վարկառուների վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):
Ցուցակում ներառված 225 վարկառուների համար, որպես ընտրության չափանիշ, հաշվի է առնվել նրանց աղքատության մակարդակը, ինչպես նաեւ հեռավոր ու սահմանամերձ գոտիներում գտնվելու հանգամանքը:

 ՀՀ ֆինանսների նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Եթե վարկերի տոկոսադրույքների չափը որոշվի աղքատության մակարդակի սկզբունքով, ապա բոլոր գյուղերին, առանց որեւէ բացառության, վարկերը պետք է տրամադրվեն առանց տոկոսադրույքի: Մինչդեռ այսօր գյուղացին վճարում է վերցրած վարկի 10 տոկոսը, իսկ պետությունը սուբսիդավորում է ընդամենը 4 տոկոսը: Եվ սա էլ համարվում է կառավարության կողմից ցուցաբերված առարկայական օգնություն:




Լրահոս