Առանց Ղարաբաղի` բանակացային սեղանին վերադարձի, հիմնախնդիրը չի կարող լուծվել. որքան շուտ վերադառնա, այնքան լավ. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ,  «Ազատ  հայրենիք» կուսակցության անդամ Արզիկ Մխիթարյանը:

– Տիկի՛ն Մխիթարյան, ինչպե՞ս կգնահատեք երեկ կայացած  Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

– Ցանկացած հանդիպում կապված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, գնում է ի նպաստ մեր ժողովրդի, եթե իսկապես ունենա դրական արդյունք: Առայժմ շուտ է, որպեսզի մենք կանխորոշենք, թե ինչպիսի արդյունքներ են ակնկալվում: Բայց այն, որ երեք նախագահները համատեղ հանդիպեցին, և քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդիրը, դա արդեն իսկ վկայություն է, որ  մտահոգություն կա` հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու: Ես դրական եմ համարում այդ հանդիպումը, ստացված ինֆորմացիաները, որոնք ստացվեց, վկայություն է այն մասին, որ բոլորը գոհ են մնացել: Ենթատեքստերը դեռևս չգիտեմ, ներքին խոհանոցը չգիտեմ, բայց, այնուամենայնիվ, եթե կարողացել են հասնել ընդհանուր հայտարարի, նշանակում է` այնտեղ եղել է որոշակի համաձայնություն: Թե ինչպիսին կլինի ենթատեքստը, կերևա ավելի ուշ` երբ նախագահները կասեն հնարավորինս  ժողովրդին հասանելի ճշմարտություն: Մեր ժողովուրդը շատ գոհ է, որ առայժմ սահմանում կտիրի խաղաղություն, մեր ժողովուրդն իրոք կարոտ է խաղաղության:

– Արցախի` բանակցությունների սեղանին վերադառնալու կարևորության մասին շատ է նշվել, ինչո՞ւ է ըստ Ձեզ այդ հարցը հետաձգվում:

– Այդպիսի հարց երևի դեռևս դրված չէ օրակարգում: Դա երևաց նաև հանդիպման ընդհանուր կոնտեքստից: Մենք բոլոր հանդիպումներում պնդում ենք, պահանջում ենք, որ առանց Ղարաբաղի վերադարձի չի կարող հիմնախնդիրը լուծվել: Բայց, այնուամենայնիվ, առայժմ այդ խնդրի նկատմամբ լուծում չկա:

– Ե՞րբ պետք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին:

– Որ փուլում էլ, որ վերադառնա, մինչև խնդրի լուծումը` ընդունելի է: Հասկանալի է, որ որքան շուտ վերադառնա, այնքան լավ: Եթե այսօր էլ վճիռ կայացվի, որ պետք է վերադառնա, ապա մեզ համար ընդունելի կլինի: Սակայն հասկանալի դարձավ, որ նման խնդիր այդ հանդիպման ընթացքում չի քննարկվել:

– Եվ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունն ու քայլերը, հո՞ւյսեր ունեք, որ այդ պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել:

– Հուսանք, որ սահմանում կպահպանվի այն նույն անդորրը, որը եղել է այս շաբաթների ընթացքում: Բոլոր երեք նախագահները եկել են նման եզրահանգման, որ անհրաժեշտ է խաղաղություն: Եթե Ադրբեջանը վերադառնա նույն իր ահաբեկչություններին և դիվերսիոն գործողություններին, պարզ է, որ մենք պատրաստ ենք հակահարվածի և մեր բանակը պետք է գնա հակահարվածի: Սակայն համոզված եմ, որ մեր բանակը երբեք առաջինը նման նախահարձակ լինել չի կարող:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս