«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել բլից հացազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Այս կերպ մենք կբացահայտենք նրանց էության յուրահատուկ կողմերը, կանդրադառնանք վերջիններիս համար նվիրական թեմաների: Հարցվողները կխոսեն իրենց նվաճումների, բացթողումների, մեծագույն նպատակների մասին: Բացառված չէ նաեւ, որ նրանք հանդես գան որոշակի «գաղտնազերծումներով»` ներկայանալով բոլորովին նոր դիտանկյունից: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի, «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի հետ:
-Իվետա՛, մանկությունից Ձեզ ուղեկցող անուն, դիմելաձեւ ունե՞ք:
-Այո, Իվուլիկ:
-Երեւանի հետ կապված Ձեր առաջին հիշողությունները:
-Դրանք առնչվում են Բուզանդի փողոցին, մեր դալանին:
-Առաջիկայում որտե՞ղ եք մտադիր ապրել` Հայաստանում, թե՞ արտերկրում:
-Այն ջերմությունը, որ կա Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ չես գտնի: Թեեւ ես գիտեմ, որ առաջիկա տարիներին անընդհատ ճամփորդելու եմ:
-Արտիստի Ձեր հաղթաթուղթը:
-Ըստ իս, նա միշտ պետք է ժամանակ գտնի ինքն իր հետ մնալու համար, ինչպես նաեւ պետք է կարողանա քննադատություն ընդունել: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է հայելին պահել եւ տեսնել արտացոլանքդ:
-Եվրատեսիլյան ամենահիշարժան պահը Ձեզ համար:
-Ջասթին Թիմբերլեյքի հետ ծանոթությունս:
-Ձեր երգացանկի ամենասիրելի երգը:
-Այս պահին դա «Simple like a flower» երգն է, որը շատ անկեղծ ստեղծագործություն է:
-Երկրպագուներ, որոնց երբեք չեք մոռանա:
-Թերեւս կառանձնացնեմ իմ առաջին երկրպագուներին՝ Մարիամ Վարդանյանին եւ Անի Ահարոնյանին, ովքեր միշտ իմ կողքին են եղել:
-Արտիստ, որը հիացրել է Ձեզ:
-Թինա Թըրները: Նա բավական բարդ կյանք է ունեցել, սակայն այնքան ուժեղ է եղել, որ կարողացել է հաղթահարել ամեն բան:
-Հայկական երգարվեստի հետաքրքիր դեմքերը` ըստ Ձեզ:
-Արթուր Մեսչյան, Ռուբեն Հախվերդյան, Էդգար Գյանջումյան, Ռոբերտ Ամիրխանյան:
-Ձեր բնավորության ամենաուժեղ եւ ամենաթույլ կողմերը
-Դրանք այս պարագայում համընկնում են… Լավ ու վատ կողմերս կապված են մեկ հատկության հետ. երբեմն չափազանց անկեղծ եմ լինում: Բացի այդ, համաստեղությամբ կշեռք եմ, այդ իսկ պատճառով միշտ ծայրահեղությունների մեջ եմ:
-Մուլտֆիլմի հերոս, որին նմանեցնում եք Ձեզ:
-Cruella de Vil-ին եմ շատ նման` մեքենա վարելիս:
-Վախը հաղթահարելու Ձեր տարբերակը:
-Ուղղակի պետք է գործել, այլապես միշտ կվախենաս: Բացի այդ, անհրաժեշտ է կանգնել վախին դեմ-հանդիման: Ես ամեն ինչ ռիսկով եմ անում, որովհետեւ միշտ պլան B ունեմ` երկրորդ ելք:
-Սեքսուալ լինելու Ձեր գաղտնիքը:
-Ինձ համար սեքսուալ լինել նշանակում է կանացի լինել:
–Մի բան, որ կինը երբեք չպետք է իրեն թույլ տա:
-Թերեւս հունից դուրս գալ: Կինը պետք է չափի զգացում ունենա յուրաքանչյուր հարցում:
-Տղամարդկանց շրջանում Ձեզ գրավող հատկանիշը:
-Բույրը:
-Կյանքի ընկեր ընտրելու Ձեր չափանիշները:
-Իմ ընկերը կարող է դառնալ այն մարդը, ով կարողանում է լոյալ լինել եւ բարի սիրտ ունի:
-Այլազգի ամուսին կընտրե՞ք:
-Ինձ համար մարդկային հատկանիշներն են կարեւոր:
-Ձեր ամենամեծ երազանքները ինչի՞ հետ են կապված:
-Մի օր կանգնելու եմ «Օսկարը» բռնած ու ասելու եմ շնորհակալություն բոլորին, ես հավատացած էի, որ այս պահը կգա (ժպտում է):
-Կախման կետեր, որոնք ստիպում են Ձեզ կառչել կյանքից:
-Ապագայի անելիքները… Ես դեռ այնքան բան ունեմ անելու… Այդ ամենն իսկապես ստիպում է կառչել կյանքից:
Աննա Բաբաջանյան