ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
-Պարո՛ն Մարկեդոնով, ինչպե՞ս կգնահատեք երեկ կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Դա մեկ քայլ առա՞ջ էր:
-Նախագահների եռակողմ հանդիպումը ոչ քայլ առաջ էր, ոչ էլ ետ: Դրանք փորձեր են, որով փորձ է արվում դիվանագիտական ֆորմատին ավելի կայունություն հաղորդել: Ապրիլին էսկալացիա եղավ, մայիսին` հանդիպում Վիեննայում, և դա հնարավորություն է տալիս ամրապնդել բանակցային պրոցեսը: Ասել, թե դա ինչ-որ շրջադարձային կամ հեղափոխական իրադարձություն էր, սխալ կլինի:
– Բայց ի՞նչ կարող են տալ այդ հանդիպումները: Ադրբեջանը կհետևի՞ իր ստանձնած պարտավորություններին:
– Հանդիպման արդյունքները կախված են նրանից, թե ինչ ենք սպասում: Որոշ մարդկանց մոտ այլ սպասելիքներ կարող են լինել, մեկ այլ մարդկանց մոտ` ուրիշ: Եթե մենք սպասում ենք, որ Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը` չի լինի, և այդ առումով հանդիպումները ոչինչ չեն կարող տալ: Նման միջոցառումների հաջողությունները շատ սահմանափակ են:
– Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի բանակցություններում որևէ էական արդյունք լինի:
– Ոչ մի կինֆլիկտի լուծում արագ չի լինում: Իհարկե, եթե շատ տանջվես, կարող է ինչ-որ բան ստացվել, կոնֆլիկտը կարող է լուծվել 20, 30 կամ 50 տարիների ընթացքում: Ինչպե՞ս հանկարծ Պուտինը դա կարող է լուծել մեկ գիշերվա ընթացքում, որտեղի՞ց մարդկանց մոտ նման վստահություն: Ինչո՞ւ ենք մենք որոշել, որ այդ կոնֆլիկտը պետք է լուծի հենց Պուտինը: Իրականում այդ կոնֆլիկտը կարող են լուծել միայն անձամբ Հայաստանն ու Ադրբեջանը, իհարկե, Պուտինը կարող է լուծել, բայց ի՞նչ եք կարծում, Պուտինը հրաշագո՞րծ է:
-Մոսկվան կոնֆլիկտի լուծումը չի՞ վերցրել իր ձեռքը:
– Հանդիպման ընթացքում մյուս համանախագահները նույնպես ներկա են եղել և պաշտպանել են ռուսական կողմի ձգտումները: Իսկ ո՞վ պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի` Թուրքիա՞ն, Իրա՞նը: Իսկ ինչ-որ այլ պետություն ցանկանո՞ւմ է զբաղվել հակամարտության կարգավորման գործով, ես չեմ տեսնում նման ձգտում:
– Իսկ ի՞նչ եք կարծում` Արցախը ե՞րբ պետք է վերադառնա բանակցությունների սեղանին:
– Ես վստահ չեմ, որ Արցախը մոտ ժամանակներս կվերադառնա բանակցությունների սեղանին: Դրա համար պետք է բոլոր կողմերի քաղաքական շահագրգռվածությունը: Իհարկե, ցանկալի է, որ ժողովուրդը, որն ապրում է այդ տարածքում, ինքը որոշի իր ճակատագիրը: Ցանկալի է, որ բոլոր կոնֆլիկտներում այդպես լինի, բայց ոչ միշտ է դա լինում: Հիմա չկա շատ մեծ ցանկություն, որպեսզի Ղարաբաղը վերադառնա: Բոլորը սպասում են, որ բանակցություններում հեղափոխություններ կլինեն, սակայն դա չի կարող լինել, քանի որ բանակցությունները վարում են սովորական դիվանագետներ, այլ ոչ թե հեղափոխականներ:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը