ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհը փակ էր: Տավուշի մարզի գյուղերի բնակիչները բողոքում էին համայնքների խոշորացման դեմ, քանի որ նման որոշում է կայացվել առանց իրենց համաձայնության: Գյուղացիները մեզ հայտնել էին, որ այսօր` առավոտյան ժամը 10:00-ին, բողոքի ալիք բարձրացրած բնակիչների հետ հանդիպում պետք է տեղի ունենար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ:
Քննարկման մանրամասներին ծանոթանալու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Նոյեմբերյանում հավաքվել են նաև կողքի գյուղերից բնակիչներ. «Մեր մեղավորության արդյունքում գյուղացիները պատշաճ ձևով տեղեկացված չեն եղել խոշորացման ծրագրին, դա էլ պատճառ հանդիսացավ գյուղացիների ըմբոստացմանը»:
Ըստ քաղաքապետի` մոտ 300 բնակիչ հավաքվել էր Նոյեմբերյանի մշակույթի տանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և այլ համայնքների ղեկավարների հետ քննարկել է խոշորացման ծրագիրը:
«Գյուղացինները, կարծում եմ, բավարարվել են նախարարի հետ զրույցից: Պարզապես, մեր մարզի համար նախատեսված էր խոշորացումն իրականացնել մյուս տարի, ոչ թե այս տարի: Այդ հապճեպությունը, հավանաբար, շփոթեցրել էր գյուղացիներին»,- ներկայացրեց Ամիրաղյանը: