Տեղի է ունեցել ՏԿ նախարարին կից կոլեգիայի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում  ներկայացվեց “ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործառութային վերլուծություն եւ բիզնես գործընթացների նկարագրություն” հաշվետվության առաջին մասը: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ուսումնասիրության պատվիրատուն ՀՀ կառավարությունն է, այն իրականացվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակը  ՀՀ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումն է:
Աշխատանքային խմբի ղեկավար Սուսաննա Եղիազարյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է նախարարության գործունեությունը կանոնակարգող իրավական դաշտը, կատարվել է հիմնական  գործառույթների վերլուծություն, փաստացի իրականացվող գործընթացները համեմատվել են իրավական ակտերով նախատեսված ընթացակարգերի հետ, ինչպես նաեւ արդի իրողություններով պայմանավորված` իրավական ակտերում  փոփոխությունների առաջարկներ են արվել: Նշվել է, որ աշխատանքային խումբը կշարունակի ուսումնասիրությունները  եւ կներկայացնի ամբողջական հաշվետվություն` նախարարության բոլոր գործառույթների վերաբերյալ:
Փոխվարչապետն առաջարկել է ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները քննարկել նախարարության ստորաբաժանումների հետ, իսկ առաջարկվող իրավական ակտերում արտացոլել նաեւ տեխնոլոգիական նոր հնարավորություններով պայմանավորված մոտեցումները:
Կոլեգիայի քննարկմանը ներկայացված մյուս փաստաթուղթը “Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը” hայեցակարգի նախագիծն էր: Փաստաթղթի նպատակը ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության  ապահովումն է: Այն  մշակվել է “Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնե ՀԿ-ի կողմից` “Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան” հիմնադրամի օժանդակությամբ:
Նախագծում  նկարագրված է  Հայաստանում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման եւ համայնքներում տեղեկատվական հասարակության ձեւավորման hետ կապված ներկա իրավիճակը,  ներկայացված են կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված հիմնական խնդիրները եւ վերլուծություններից բխող եզրահանգումների հիման վրա ձեւավորված առաջարկությունները:
Փոխվարչապետը հանձնարարել է մինչ կառավարություն ներկայացնելը լրամշակել նախագիծը: Քննարկված փաստաթղթերը կոլեգիան ընդունել է ի գիտություն:




Լրահոս