ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու դեմ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն): Ոստիկանությունից հայտնեցին, որ գործը կասեցվել է ՀՀ քր. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (անձը չի գիտակցել իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Ախոյանն ասաց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դեպքը բացահայտվի. «Անկեղծ, ոստիկաններն օրուգիշեր աշխատեցին, բայց բավարար ապացույցներ չկային: Ոչ մի բողոք չունեմ նրանցից: Կասկածներ շատ ունեմ, ու ամեն ինչ դեռ ավարտված չէ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ