Սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը՝ 4 տարի ժամկետով, Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ 3 տարի ժամկետով, եւ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը՝ 2 տարի ժամկետով: «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին:
-Պարո՛ն Դանիելյան, Դուք նշանակվել եք Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ: Խնդրում եմ նշել, թե այդ խորհրդում ինչպիսի գործառույթներ եք ունենալու:
-Խորհուրդը, ինչպես համալսարանում կա, այնպես էլ այստեղ է. իրենք ընտրում են ակադեմիայի ռեկտորին, տարեկան բյուջեն են հաստատում, գործունեության կարգն են սահմանում: Խորհրդի որեւէ անդամ չի նշանակում ռեկտորին, այլ այդ խորհուրդը՝ որպես ներկայացուցչական մարմին, ընդամենը ռեկտորի տարեկան հաշվետվությունը նիստերի միջոցով, դատախազների, դատավորների, արդարադատության նախարարի կամ նրա տեղակալի ներկայությամբ քննարկում է այդ հարցադրումները:
-Իսկ հնարավո՞ր է՝ խորհրդի որեւէ անդամ դառնա ակադեմիայի ռեկտոր:
-Իհարկե ոչ մի բան չի բացառվում, բայց եթե այդ պաշտոնում առաջադրվեց, բնականաբար, որպես խորհրդի անդամ՝ նրա լիազորությունները պետք է դադարեցվեն: Մենք հասարակական հիմունքներով ստեղծում ենք այդ ակադեմիայի կառավարումը:
-Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներն ի՞նչ սկզբունքով են նշանակվել: Կա՞ կոնկրետ պահանջ, որի հիման վրա կարող են այդ խորհրդի անդամ նշանակվել:
-Պետք է լինել դատախազ, դա է խնդիրը: Երեք դատախազ, երեք դատավոր եւ արդարադատության նախարարը կամ նրա որոշմամբ` նախարարի տեղակալը, միասին քննարկում են բոլոր հարցերը: Ակադեմիայի մասին 5-րդ հոդվածը եթե կարդաք, ապա հստակ կտեսնեք այդ բաժանումները: Օրենքում կոնկրետ գրված են խորհրդի լիազորություններն ու գործառույթները, ու թե ինչով պետք է զբաղվի խորհրդի անդամը:
-Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ԱԺ-ին է ներկայացրել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը: Գաղտնիք չէ, որ Կոստանյանը գլխավոր դատախազությունում համարվում է «չընդունված» մարդ: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը նրա հետ:
-Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ դատախազն աշխատի դատախազության համակարգում եւ համարվի Ձեր կողմից նշված չընդունված մարդ: Անկեղծ ասած` այդ դիրքորոշումը չի կարող ճշմարիտ ու անկեղծ լինել: Եթե մարդն աշխատում է դատախազության համակարգում, արդեն իսկ դատախազության համակարգի համար ընդունելի է:
-Բայց դատախազության աշխատակիցները Գ. Կոստանյանին համարում են «նախագահականի մարդը», ու շատերը չեն պատկերացնում նրա հետ աշխատանքը…
-Ով չի վստահում, ներողություն: Ձեր տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
-Այդուամենայնիվ, հայտնի է, որ Գ. Կոստանյանը դատախազությունում հատկապես չի սիրվել այն բանից հետո, երբ համարձակվել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աշխատասենյակ մտնել հեռախոսով խոսելիս:
-Եթե անկեղծ ասեմ, ապա կուզենայի իմանալ` արդյոք այդ միջադեպը եղել է, թե ոչ, քանի որ ես ինքս չգիտեմ՝ դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Ես այդ մասին տեղեկացել եմ մամուլից: Բայց կարծում եմ, որ պարոն Կոստանյանը երկու եւ ավելի տարիներ աշխատում է դատախազության համակարգում, ինքը դատախազությունում ունի հեղինակություն: Չի կարելի նման բաներ ասել, քանի որ դա իրական չէ, ճշմարիտ չէ ու ընդունված չէ: Կարծում եմ` անհիմն տեղեկություններ են:
-Այսինքն, ըստ Ձեզ, Գ. Կոստանյանին դատախազությունում «գրկաբաց» ընդունելո՞ւ են:
-Նա գլխավոր դատախազության կոլեգիալ անդամ է, եւ ես որեւէ բացասական բան չեմ նկատել, եթե անկեղծ ասեմ, անհասկանալի է, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Եթե ինչ-որ մեկն այլ տեղ այլ կարծիք է ներկայացրել, ապա խնդրում եմ՝ այդ մեկնաբանությունները պարոն Կոստանյանի՛ց հարցրեք:
-Ըստ Ձեզ` նա Ա. Հովսեփյանին արժանի՞ փոխարինող է:
-Անկեղծ ասած` այդ հարցն ինձ չպետք է ուղղեք, եթե հանրապետության նախագահն առաջադրել է, ուրեմն արժանի է:
«ԵԹԵ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է, ՈՒՐԵՄՆ ԱՐԺԱՆԻ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ