ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, հրդեհվել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին պատկանող «ԳԱԶ 31 10» մակնիշի ավտոմեքենան: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Հարությունյանի հետ` պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եւ որտե՞ղ է հրդեհվել մեքենան, Դուք որեւէ կասկած ունե՞ք, թե ով կարող էր այն հրդեհել:
-Ես որեւէ կասկած չունեմ, քանի որ պետք է փորձագետները ճշտեն՝ այսպես ասած, կողմնակի միջամտություն կա, թե ոչ: Որովհետեւ եթե ես ասեմ, թե մեքենայից այնքան եմ հասկանում, որ կարող եմ հստակ եզրակացնել, թե կողմնակի միջամտություն եղել է, սուտ կլինի: Բայց ովքեր որ նայել են ավտոմեքենան` տարբեր էլեկտրիկներ ու արհեստանոցի աշխատակիցներ, զարմացած էին: Անգամ հրշեջ-տեսուչը, երբ այսօր եկավ ու նայեց, ասաց, որ անհասկանալի է, թե ինչու պետք է նման բան լիներ:
-Այսինքն, ըստ մասնագետների, մեքենան չէ՞ր կարող ինքն իրեն հրդեհվել, ստացվում է, որ առաջնային վարկածով ինչ-որ մեկն այն միտումնավոր վառե՞լ է:
-Ըստ մասնագետների նախնական եզրակացության` միջամտություն եղել է, որ ավտոմեքենան հրդեհվել է:
-Իսկ այս ընթացքում Ձեզ հետ կապված որեւէ արտառոց միջադեպ եղե՞լ է, որից կարելի է ենթադրել, որ մեքենան փորձել են այրել` այդ կերպ գուցե վրեժխնդիր լինելու համար:
-Չէ՛: Կոպիտ ասած` իմ հիմնական գործունեությունը քաղաքական է. ես ուրիշ որեւէ բանով չեմ զբաղվում ու որեւէ մեկին չեմ կասկածում: Եթե անկեղծ  ասեմ, ինձ հետ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, որից կարելի է նման բան եզրակացնել: Մեքենաս ես տարել եմ սարքելու, ու  այն 5-6 ժամ մնացել է վարպետի մոտ: Երբ գնացել էի վարպետի մոտից վերցնելու, ասաց, որ երկար ժամանակ դռները բաց է թողել: Չգիտեմ… Բայց ես գումարը վճարել եմ ու մեքենան վերցրել եմ: Չգիտեմ, որեւէ բան այժմ չեմ կարող ասել, քանի որ միայն իրավապահ մարմինները կարող են բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ուստի այժմ պետք է սպասենք նրանց կատարած աշխատանքներին, քննությանը, որպեսզի հասկանանք՝ արդյոք ավտոմեքենան ինքն իրեն հրդեհվել է, թե իսկապես միջամտություն է եղել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս