Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանն է (98 կգ): Արթուրը գյումրեցի է: Ծնվել է 1991 թվականին: Նախորդ երկու տարիների Հայաստանի լավագույն մարզիկն իր քաշային կարգում աշխարհում լավագույններից մեկն է: Ալեքսանյանն աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ ըմբիշը բավարարվեց միայն բրոնզե մեդալով: Ըմբշամարտի հայկական դպրոցի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը չի սիրում լրագրողների հետ զրուցել, սիրում է ֆուտբոլ խաղալ և գյումրեցուն հատուկ հումոր ունի: Մասնագետներից շատերը Ալեքսանյանից ոսկե մեդալ են ակնկալում արդեն այս Օլիմպիական խաղերում: Մարզասերների շրջանում նրան ճանաչում են որպես «Ճերմակ արջ»:
–Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Միակ բանը, որ միշտ հետս է` խաչս է: Այն ինձ հետ ամենուր է:
–Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Ընկերներս են, բայց գալու և աջակցելու են Խաղերի ժամանակ:
–Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Առաջին հերթին նրանց հետ կկիսեմ ովքեր կուրախանան, հատկապես հայ ազգի հետ:
–Նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Սպորտային կյանքիս ամենագլխավոր իրադարձություն և ոսկե մեդալ նվաճելու նպատակ:
–Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Չեմպիոնությամբ:
ՀԱՕԿ լրատվության բաժին