Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ԱԺ հաստատմանն է ներկայացրել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը: Երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյայում խորհրդարանը պետք է քննարկի եւ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրի ՀՀ գլխավոր դատախազին: Իսկ մինչ այդ՝ այսօր, Կոստանյանը պետք է հանդիպի ԱԺ խմբակցությունների հետ:
Անշուշտ, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գ. Կոստանյանի թեկնածությունն ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է նորմալ ընտրություն որակել: Թեեւ մյուս կողմից դատախազի պաշտոնում շրջանառվող հիմնական թեկնածուների անունները բոլորն էլ եղել են անհաջող, եւ Ս. Սարգսյանն իր ընտրությունը կատարել է վատի եւ վատթարագույնների մեջ:
Անձամբ Կոստանյանի թեկնածությունն ուշագրավ է մի քանի առումով. ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելու համար վերջինս բավական երիտասարդ է՝ հոկտեմբերի 4-ին կլրանա նրա 36-ամյակը: Իսկ նման բարձր պաշտոնում ընդամենը 36-ամյա երիտասարդը, հնարավոր է, չկարողանա արդարացնել հույսերն ու շատ արագ ձախողվի: Առավել եւս, երբ նա դատախազական համակարգում աշխատում է ընդամենը 2 տարի՝ 2011թ.-ից:
Սակայն ուշագրավն այն է, որ մինչեւ Կոստանյանին դատախազի պաշտոնում առաջադրելը նույն Ս. Սարգսյանի իշխանությունը, ըստ էության, մինչեւ վերջ վարկաբեկեց նրան: Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդու եւ թիկնապահի մասնակցությամբ տեղի ունեցած սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին է, որի հենց սկզբում զինդատախազը հանդես եկավ Լիսկայի փաստաբանի դիրքերից: Շատերը կհիշեն, թե Կոստանյանն առաջին իսկ օրերից ինչպես էր անձնուրաց կերպով պաշտպանում Խաչատրյանի որդուն ու թիկնապահին՝ մեղքը գցելով հակառակ կողմի վրա: Այդ պատմության գագաթնակետը եղավ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին կալանքից ազատ արձակելն ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը: Ակնհայտ է, որ այս ամենը Գ. Կոստանյանն ինքնագլուխ կերպով չի արել, այլ իր գործողություններն առնվազն համաձայնեցրել է Ս. Սարգսյանի հետ: Այնպես որ, իշխանությունները, Կոստանյանին դարձնելով Լիսկայի որդու դե ֆակտո փաստաբանը, գործուն մասնակցություն ունեցան նրան վարկաբեկելու հարցում:
Բացի այդ՝ նույն Կոստանյանը բավական բացասական վարկանիշ ունի հասարակության մոտ. խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն առնվազն ամեն շաբաթ բողոքի ակցիաներ են անում կառավարության շենքի կամ նախագահական նստավայրի մոտ՝ զինդատախազությունից պահանջելով բացահայտել իրենց որդիների սպանությունը: 2011թ. հունվարի 27-ին կազմակերպված բողոքի ակցիան ստիպեց, որ օտարերկրյա հյուրերին ճանապարհելու իջած Ս. Սարգսյանը մոտենա նախագահականի դարպասների մոտ բողոքի ակցիա անող որդեկորույս ծնողներին: Այդ օրը նա հայտարարեց, թե իր հանձնարարականով նորանշանակ զինդատախազ Կոստանյանը կհանդիպի նրանց հետ ու «նոր մոտեցում կցուցաբերի»: Սակայն զինդատախազն այդպես էլ նոր մոտեցում չցուցաբերեց այդ քրեական գործերին, ու որդեկորույս ծնողները շարունակում են իրենց բողոքի ցույցերը:
Գ. Կոստանյանի հանդեպ բացասական վերաբերմունք կա նաեւ դատախազության ներսում. նախ՝ նրան չի ընդունում արդեն նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի թիմը. բանն այն է, որ Կոստանյանը մշտապես հակասություններ է ունեցել Ա. Հովսեփյանի հետ, բացի այդ, ինչպես պնդում են դատախազության աշխատակիցներից շատերը, Գ. Կոստանյանը, դատախազություն մտնելով, խամրեցրեց Ա. Հովսեփյանի աստղը:
Ի դեպ, Կոստանյանը համարվում է Ս. Սարգսյանի փեսայի թիմի անդամ, մինչեւ դատախազություն տեղափոխվելն աշխատել է նախագահականում Ս. Սարգսյանի օգնական: Ասել է թե՝ նրա նշանակումը, ըստ էության, խոսում է իշխանության երիտասարդական թեւի դիրքերի ամրապնդման մասին:
Խորհրդարանական ուժերը երեկ խուսափում էին Գ. Կոստանյանի թեկնածության վերաբերյալ տեսակետ հայտնելուց. ՀՀԿ դիրքորոշումը հասկանալի է. եթե Ս. Սարգսյանը ներկայացրել է նրան, ուրեմն ՀՀԿ-ում բոլորն առանց գիտակցելու արդեն իսկ կողմ են: Նույնը՝ նաեւ ՕԵԿ-ի մասին: Ինչ վերաբերում է ոչ կոալիցիոն ուժերին, ապա նրանք պատրաստվում են տեսակետ հայտնել Կոստանյանի հետ այսօր կայանալիք հանդիպումից հետո: Սակայն ընդդիմադիրները մասնավոր զրույցներում, հիշեցնելով Սուրիկ Խաչատրյանի որդու գործը, չէին թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Գ. Կոստանյանի նկատմամբ: Թեպետ որոշ իրավաբան պատգամավորներ նրան համարում են պրոֆեսիոնալ: Միաժամանակ նրանք նաեւ նշում էին, որ անկախ նրանից, թե ում կառաջադրի Ս. Սարգսյանը, միեւնույն է, նա լինելու համակարգի մի մասը, իսկ այսօրվա իշխանությունը չի կարող արդյունավետ լինել: «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել՝ եթե վստահություն չունես այս իշխանության, այդ պետական ինստիտուտի հանդեպ, ապա անձի մասին խոսելն ավելորդ է. նա, եթե կարողանա էլ, ապա շատ չնչին բան կարող է փոխել հատկապես այդ կառույցում»,-ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը:
Հ.Գ. 1. Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գեւորգ Կոստանյանը, դեռ պաշտոնապես չնշանակված, արդեն իսկ սկսել է զբաղվել իր նոր աշխատասենյակի հարցերով: Վերջին երկու օրերին նրա «մարդիկ» դատախազությունում բավական ակտիվ գործողություններ են սկսել:
Հ.Գ. 2. Այսօր Գ. Կոստանյանն ԱԺ-ում հանդիպելու է բոլոր խմբակցությունների հետ, բացի ՀՀԿ-ից: «Մեզ հետ կհանդիպի երկուշաբթի օրը՝ ժամը 11:00-ին: Պատճառն ուղղակի այն է, որ Գ. Կոստանյանը բոլոր խմբակցություններին հանդիպելուց հետո ժամանակ չի ունենալու, որպեսզի մեզ հանդիպի»,-«Ժողովուրդ»-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՋԱՀԵԼՆԵՐԻ» ԽՈՍՔԸ ԳԵՏՆՈՎ ՉՏՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ