ՉԽՈՍԵՑ
Երեկ Մայր Աթոռում շարունակվում էր Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցում են 62 եպիսկոպոս: «Ժողովուրդ»-ը փորձեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին այդ առիթով մի քանի հարցեր ուղղել: Սակայն ոչ մի կերպ չէին «թույլատրում» զրուցել նրա հետ: Մեր համառ պնդումներից հետո, երբ մոտեցանք կաթողիկոսին, նա մեզ հարց ուղղեց. «Դուք ինձ ճանաչո՞ւմ եք: Ուրախ եմ, որ ճանաչում եք, հիմա հեռացե՛ք, չեմ պատասխանում»: Ի դեպ, երեկ բոլոր հոգեւորականները հրաժարվում էին զրուցել լրագրողների հետ՝ պատճառաբանելով, որ այժմ իրենց համար որեւէ բան հստակ չէ, ու քննարկումների արդյունքում պետք է հասկանան, թե ինչ որոշման են հանգելու: Հիշեցնենք, որ այսօր ժողովի վերջին օրն է, որից հետո եպիսկոպոսները կմեկնեն Հայաստանից:
ՀԱՏԿԱՑՐԵԼ Է
ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել այն մասին, որ կառավարությունը 10 մլն դրամ ֆինանսական աջակցություն է հատկացնելու դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին: 2013թ. ապրիլ-հուլիսին 40 անօթեւան մարդու ժամանակավոր կացարան հատկացնելու պատճառով բարեգործական հիմնադրամը 10 մլն դրամի պարտք է կուտակել, ինչի համար չի կարող կազմակերպել շահառուների հետագա սպասարկումը: Նշենք, որ 2001-2011թթ. դանիական կողմն է ֆինանսավորել հիմնադրամի ծախսերը: Իսկ վերջին մեկուկես տարվա ընթացքում հիմնադրամին մասնակի ֆինանսական աջակցություն տրամադրել են Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ պետբյուջեն: Հավելենք, որ հիմնադրամն աջակցություն է տրամադրել մոտ 200 անօթեւանի:
ՄԻ ԿԵՐՊ
ՀՀ Սյունիքի մարզի Արավուս համայնքն ունի ընդամենը 47 ընտանիք, իսկ աշակերտները 33-ն են: Արավուսում գործում է տարրական դպրոց, իսկ չորրորդ դասարանից բարձր աշակերտները հաճախում են հարեւան Տեղ համայնքի դպրոց: Համայնքապետ Արգամ Հովսեփյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ տարրական դպրոցը գույք չունի. «Տեղ համայնքի դպրոցի տնօրենից խնդրել եմ ու պարտքով դպրոցական գույք վերցրել: Յոլա գնանք, տեսնենք, թե հետո ինչ կլինի: Համայնքի բյուջեն աղքատ է, իսկ պետությունն էլ դոտացիան տալիս է հարուստ գյուղերին ու քաղաքներին՝ անտեսելով աղքատ համայնքներին: Չէ՞ որ մեր գյուղը հերոս է, կռիվների ժամանակ մեծ գործեր է արել: Իսկ հիմա… մի կերպ գոյատեւում ենք: Մարդիկ մի տեղից հաց են ճարում ու ապրում»: Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանն այցելել էր Սյունիքի մարզ, սակայն այս համայնք չէր գնացել:
ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին զանգահարել հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները: Նրանք վրդովված էին, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ պետք է նշանակվի: Նրանց բարկացրել էր նաեւ Սերժ Սարգսյանի՝ Ռուբեն Սահակյանին վաստակավոր փաստաբանի կոչում շնորհելու որոշումը. «Սա ապտակ է ոչ միայն ժողովրդին, այլեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին»: