Սանկտ Պետերբուրգում «Կազան-2»-ի մեկնա՞րկը տրվեց. ինչ վտանգավոր զարգացումներ կարող են լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարություն տարածեցին այն մասին, թե Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ համաձայնության են եկել:

Այս մասին, ըստ նույն հրապարակումների, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը՝  հավելելով, որ ըստ համաձայնության՝  պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա ևս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Բուռն քննադատություններով ուղեկցվող քննարկումներն ու մեկնաբանությունը հայ հասարակության շրջանում այն աստիճան էին սրվել, որ անգամ կարծիքներ հնչեցին, թե դեռ չի ծնվել մեկը, որ կարողանա իրեն իրավունք վերապահել արյամբ ձեռք բերված հողերը նվիրել ուրիշին:

Եվ միայն այս իրավիճակում հանրությունը հայկական կողմից պաշտոնական մեկնաբանություն ստանալու բարձր պատվին արժանացավ: Մինչ այդ որևէ կերպ, գոնե հերքման տեսքով, չխոսելով կատարվածի մասին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Արմենպրեսս» գործակալության հարցին ի պատասխան ավելի ուշ ասել է, թե գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Այդուհանդերձ, վերհիշելով ապրիլի 25-ին ամերիկյան «Բլումբերգին» տված հարցազրույցը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը պատմել էր արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացից մի դրվագ՝ բացատրելով, թե ինչ փաստաթուղթ է հայկական կողմը պատրաստ եղել ստորագրելու: Ըստ Սարգսյանի՝ «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը:

Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից, և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»:

Սարգսյանը բացատրել է, որ այս փաստաթղթին Իլհամ Ալիևը չի համաձայնել: Ստացվում է, որ Հայաստանը կողմ է եղել տարածքների հանձնմանը:

Այդ ընթացքում համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայկական կողմը «Մադրիդյան սկզբունքներ»-ի ընդունումից ի վեր բանակցում է ազատագրված տարածքները հնարավորինս «թանկ գնով» հանձնելու համար: Սակայն հայրենի իշխանությունը նույն էնտուզիազմով հերքում էր այս լուրերը:

Եվ այսօրվա նորությունն ավելի քան համոզիչ է այն իմաստով, որ Ալիևին հաջողվել է համոզել:

Նկատենք, որ տարիներ առաջ դարձյալ բացառապես ռուսական նախաձեռնությամբ Սոչիում անցկացվեց նման մի հանդիպում: Դրան հաջորդեց Կազանի գագաթնաժողովը, հենց որի ընթացքում էլ, ինչպես հայտնի դարձավ արդեն հիշատակված հարցազրույցից, բանակցային սեղանին էր դրվել մի փաստաթուղթ, որով ՀՀ-ը պետք է վերադարձներ ազատագրված մի քանի շրջաններ՝ առանց ԼՂՀ-ի կարգավիճակի հստակեցման: Այդ ժամանակ ոգևորություն առաջացրեց այն, որ նշված փաստաթուղթը տորպեդահարվեց Ադրբեջանի կողմից: Սական այս անգամ, ցավոք, նույնը չկրկնվեց: Ստացվում է՝ Սանկտ Պետերբուրգում սկսվեց մեզ համար չափազանց վտանգավոր նոր գործընթաց՝ «Կազան-2»:

Տաթև Հարությունյան




Լրահոս