ՉԵՄՊԻՈՆ՝ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի 26 ներկայացուցիչներ սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը մասնակցում են Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնություններին: Տարիքային խմբերում նախ անցկացվելու են կայծակնային եւ արագ խաղի մրցաշարերը, ապա նախանշված է դասական շախմատի առաջնությունը: Արդեն կայացել է կայծակնային մրցաշարը, որում Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր արդյունքը գրանցել է ՖԻԴԵ-ի վարպետ, 13-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Նա կայծակնային խաղի առաջնությունում մինչեւ 14 տարեկանների խմբում նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Հայկը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Իսկ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Բուդվայում նախատեսված էր Եվրոպայի պատանիների եւ աղջիկների արագ խաղի առաջնությունը:
ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Բուլղարիայի Ալբենա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի աղջիկների աշխարհի 2-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանի մարզուհիները ներկայացված են միայն պատանիների տարիքային խմբում: Մրցավայր մեկնած մեր 3 մարզուհիներից 2-ը, շահելով անդրանիկ մենամարտերը, անցել են քառորդ եզրափակիչ: 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել բուլղարուհի Նադեժդա Օռլինովային եւ հաջորդ փուլում կհանդիպի թայվանցի Ջու-Չիեհ Չուին: Մինչեւ 54 կգ քաշային կարգում հանդես եկող Անի Հովսեփյանը 3:0 հաշվով հաղթել է իռլանդուհի Գրեյն Գեւինին: Նրա հաջորդ մրցակցուհին է ամերիկուհի Ջեսիկա Գալվեսը: Առաջին արգելքը չի հաղթահարել միայն Ֆրիդա Սարգսյանը (46 կգ), որը 0:3 հաշվով պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Նազերկե Ջուրգարաեւային:
ՆՈՐ ՖԻԼՄ
Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ռուս անվանի ռեժիսոր-վավերագիր Սերգեյ Միրոշնիչենկոն սկսել է «Խաղաղության օղակներ» անվանումով ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այն նվիրվում է եկող տարի կայանալիք Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին:
Կինոնկարում կներկայացվեն ինչպես եկող տարվա փետրվարին անցկացվող ձմեռային սպորտի համաշխարհային գլխավոր մարզահանդեսի ճակատամարտերը, այնպես էլ օլիմպիական խաղերը սպասարկող բոլոր ծառայությունների աշխատանքները: Ռեժիսորը նպատակ ունի ֆիլմի միջոցով ապացուցել, որ ժամանակակից սպորտը ոչ միայն մկանային ուժի, այլեւ ինտելեկտի դրսեւորում է: Ֆիլմն էկրան կբարձրանա Սոչի-2014-ի ավարտից հետո՝ սեպտեմբերին: