«ՄԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՎԻՊՈՅԱՆՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, շոումեն ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ (Մենչ) «Ժողովուրդ»-ին է ներկայացնում մանրամասներ Yere1 նախագծի իններորդ եթերաշրջանի, ինչպես նաեւ «Բլեֆ» հաղորդաշարի նորացված տարբերակի մասին:
-Ինչո՞վ կտարբերվի Yere1 նախագծի իններորդ եթերաշրջանը նախորդներից:
-Նախորդ եթերաշրջանից մնացել են միայն Վիպոյաններն ու Խափլանյանները, կա նոր սյուժե ավանդապաշտ տաքսու վարորդի մասին: Լինելու են նոր իրավիճակներ, նոր դերասաններ: Կարծում եմ, որ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի: Եթերում կլինենք հոկտեմբերի 12-ից` ամեն շաբաթ-կիրակի՝ ժամը 21:30-ին:
-Շատ երեխաներ նմանակում են Ձեր կերպարներին, մանավանդ Վիպոյանին, արդյո՞ք դրանք դաստիարակչական բնույթ են կրում:
-Սկսենք նրանից, որ մեր կերպարները` մեկը մի փոքր շատ, մյուսը մի փոքր քիչ, մտել են ժողովրդի մեջ: Ի՞նչ պարտադիր է՝ այն դաստիարակչական բնույթ կրի ու դաստիարակի մարդուն: Մենք վերցնում ենք կյանքից դրվագներ եւ փորձում ձեռք առնել այն մարդկանց, որոնք մեր քաղաքում նման կերպ են վարվում:
-Ի՞նչ եք կարծում, Վիպոյանի նման մարդիկ շա՞տ են մեր քաղաքում:
-Կոնկրետ չեմ կարող մատնանշել ինչ-որ մարդկանց, բայց որ կլինեն, չեմ կասկածում: Վիպոյանը գրոտեսկային կերպար է, իսկ երեխաները պետք է հասկանան, թե ինչպիսին չպետք է լինեն:
-Արդյո՞ք երեխաները կհասկանան դա: Ինքս լսել եմ շատ ծնողներից, որ նրանք չեն ցանկանում՝ իրենց երեխան դիտի ձեր հաղորդումը:
-Դա ծնողի խնդիրն է, որը չի ուզում երկար ժամանակ ծախսել իր երեխայի վրա: Եթե ծնողը երկու բառով բացատրի, որ այդպես չի կարելի լինել, երեխան կհասկանա:
-Ներկայացվող սյուժեներում քաղաքական ենթատեքստ լինելո՞ւ է:
-Քաղաքական ենթատեքստ գրեթե բոլոր սերիաներում էլ լինում է, բայց դրա վրա գլոբալ շեշտ չենք դնում: Սակայն եթե Հայաստանում տեղի է ունենում ինչ-որ իրադարձություն, անդրադառնում ենք դրան:
-Իսկ Դուք` որպես քաղաքացի, որքանո՞վ եք հետաքրքրված երկրի ներքաղաքական կյանքով:
-Որպես քաղաքացի՝ հետաքրքրված եմ այնքանով, ինչքանով որ հետաքրքրված է յուրաքանչյուր քաղաքացի:
-Մասնակցո՞ւմ եք քաղաքացիական նախաձեռնություններին:
-Կյանքում չեմ սիրել խոսել դրա մասին, որ հետո էլ լրատվամիջոցները բարձրաձայնեն, թե «վա՜յ, ինչ լավ տղա է, էս ի՜նչ արեց»: Ես շատ բան արել եմ, շատ բան անում եմ ու երբեք չեմ ցանկանա, որ դա դառնա հանրության խոսակցության թեմա, որ մարդիկ ասեն` «ապրի մեր Արմենը, էս ինչե՜ր է անում»:
-Բարեգործական ակցիաներ կազմակերպո՞ւմ եք:
-Հավատացե՛ք, որ պարբերաբար: Չե՞ք կարծում, որ դա PR անելու տարբերակ է, ես չեմ ուզում բարձրաձայնել դա: Ինձ համար միեւնույն է՝ ով իմացավ, ես դա անում եմ իմ հոգու հանգստության համար: Ով գիտի դրա մասին, գիտի, դա էլ իմ մտերիմ մարդկանց շրջանակն է: Չէի ցանկանա խոսել այդ մասին:
-Ձեր հումորիստ կոլեգաներից շատերը պնդում են, որ հայ ազգին բարդ է ծիծաղեցնել, Դուք ի՞նչ կասեք:
-Յուրաքանչյուր ազգի էլ բարդ է ծիծաղեցնելը, որովհետեւ հումորը չունի ճիշտ եւ սխալ, ամեն մեկին մի բան է ծիծաղելի թվում, պետք է գտնել միջին ինչ-որ բան: Նույն անեկդոտի վրա մեկը ծիծաղում է, մյուսը` ոչ: Ես չեմ ընդունում, երբ ասում են՝ այս հումորը լավը չէր: Դա այնպիսի հստակ բան չէ, ինչպես, օրինակ, այն, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է:
-Ինչպիսի՞ հումոր է նախընտրում հայը:
-Աշխարհում հումորի երկու տեսակ կա, որ հետաքրքիր է միշտ` քաղաքական ու էրոտիկ բնույթի հումորը: Անկախ ազգությունից՝ բոլորին դա հետաքրքիր է: Կարծում եմ՝ մեր հասարակությանն ավելի շատ հետաքրքիր է քաղաքական հումորը:
-Չե՞ք պատրաստվում սեփական հումորային շոու ունենալ:
-Իմ կյանքում պարբերաբար եղել են նման փորձեր: Հիմա վերսկսել ենք «Բլեֆ»-ը, կլինի նոր տաղավար, հանդիսատես: Հոկտեմբերի 18-ից՝ ամեն ուրբաթ՝ 21:00-ին, այն կլինի եթերում: Ավելին ասեմ, արդեն 4 հաղորդում նկարահանված-պատրաստ է:
-Կրկին պատրաստվում եք հայտնիներին «փորձությունների՞» ենթարկել:
-Ոչ միայն հայտնիներին: Այս անգամ «Բլեֆ»-ը բաղկացած կլինի երկու մասից. մեկը կլինի թաքնված տեսախցիկ մեր քաղաքացիների հետ, մյուսը` բլեֆ հայտնի մարդկանց հետ:
-Իսկ «Բլեֆ»-ի շրջանակներում հայտնվողները չե՞ն նեղանում:  
-Ինձ թվում է, որ իրականում հոգու խորքում բոլորը շատ ուրախանում են, որ հայտնվում են հաղորդման շրջանակներում: Հեռուստադիտողները ճանաչված մարդուն բացահայտում են այլ կողմից, որ երբեք չէին տեսել: Իսկ այն մարդը, որը հեռուստադիտողի աչքից ընկնում է, ուրեմն իրեն հասնում է:
-Իսկ Դուք երբեք չե՞ք հայտնվել «Բլեֆ»-ի շրջանակներում:
-Մեկ անգամ նման դեպք եղել է, նորմալ եմ վերաբերում, ոնց էկրանից այս կողմ եմ, այնպես էլ` էկրանից այն կողմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս