ՄԵՆՔ ՉԵԽԻԱՅԻՑ, ՍԼՈՎԱԿԻԱՅԻՑ ՀԱՐՈ՞ՒՍՏ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական «The Independent» պարբերականի հրապարակումը «Եվրատեսիլ» մրցույթի վերաբերյալ դարձել է նաեւ հայ հանրության քննարկումների թեմա։ Պարզվում է, որ այդ երգի մրցույթի կազմակերպչական կոմիտեն մրցույթի կանոնները խստացրել է այն բանից հետո, երբ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանը կաշառել է ժյուրիի անդամներին: Համաձայն նոր կանոնների` յուրաքանչյուր մասնակից երկիր միայն մրցույթից առաջ պետք է հրապարակի ժյուրիի անդամների անունները, ինչը կամրապնդի թափանցիկությունը: Անմիջապես եզրափակչից հետո հրապարակվելու են նաեւ ժյուրիի անդամների քվեարկության արդյունքները:
Իսկ ինչ վերաբերում է մեր հարեւանների ծախսած նավթային դոլարներին, ապա «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Յան Օլա Սանդը նշել է, որ Ադրբեջանի կողմից ժյուրիի անդամներին կաշառելու վերաբերյալ տեղեկատվության հետաքննությունը շարունակվում է, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել: Եթե այդ պնդումները հաստատվեն, Եվրոպայի հեռարձակողների միությունն այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ կկիրառի։
Մինչ երգի մրցույթի կազմակերպչական կոմիտեն մրցույթի կանոնները խստացնում է, մրցույթը կորցնում է իր հեղինակությունը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ միաժամանակ Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը եւ Անդորրան հրաժարվել են մասնակցել հաջորդ մրցույթին: Խորվաթիան չի ցանկանում մասնակցել տնտեսական պատճառներով. երկրում ճգնաժամ է, եւ նախապատրաստվելու ու ելույթի համար գումար չկա: Իսկ Լյուքսեմբուրգը եւ Անդորրան դրան ավելացնում են նաեւ, որ բնակչությունը կորցրել է հետաքրքրությունը «Եվրատեսիլ»-ի նկատմամբ: Նույն պատճառն են ընդգծել նաեւ չեխերը: Իսկ սլովակները ներկայացրել են դիվանագիտական բացատրություն` նշելով, որ «Եվրատեսիլ»-ն իրենց հնարավորության սահմաններից դուրս է: Նախկինում երկիրը երբեք չի հաղթել մրցույթում:
Եվ նման զարգացումների պարագայում, երբ իսկապես կորչում է հետաքրքրությունն այդ մրցույթի նկատմամբ, որտեղ նույնիսկ համաշխարհային գերաստղերը չեն կարողանում տեղ զբաղեցնել լավագույն հնգյակում, մեր երկրում «Եվրատեսիլ»-ին մասնակցելը դարձնում են պետական, ազգային նշանակության երեւույթ։ Դրա հետեւանքով մի քանի ամիս քննարկումներ են ծավալվում, թե ով պետք է գնա մրցույթի, ինչ երգով, սկսում են վիրավորել միմյանց, վարկաբեկել… Այդ ամենին, ի վերջո, հետեւում է «Հայաստանի հերթական հաղթանակը»՝ անկախ նրանից, թե մեր երկրի ներկայացուցիչը որերորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Երգիչ-երգչուհու համար դա պարզապես «ռասկրուտկա» լինելու միջոց է, իսկ մի քանի հոգու համար՝ արտասահման գնալու, աշխարհ տեսնելու, իրենց ցույց տալու ձեւ։ Թող ֆռֆռան աշխարհով մեկ, որքան ուզում են, իրենց ու մյուսներին ցույց տան, բայց դա չանեն պետական բյուջեի հաշվին։ Թե՞ մեր երկիրն ավելի հարուստ է, քան, ասենք, Չեխիան, Սլովակիան, Խորվաթիան…

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս