ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ
Երգիչ Արման Հովհաննիսյանը նորություններ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմանը նշեց, որ երկար ժամանակ է, ինչ աշխատում է իր նոր՝ «Ժամանակ» կոչվող ձայնասկավառակի վրա: «Բավականին բծախնդիր եւ հետեւողական աշխատանք ենք տարել երգերն ընտրելիս: Վերջապես ընտրեցինք 10 երգ, որոնցից մի քանիսն արդեն հայտնի են, մյուսները՝ բոլորովին նոր: Բոլոր երգերը համապատասխանում են իմ ոճին ու ժանրին: Աշխատել ենք նոր եւ արդեն իսկ հայտնի հեղինակների ու երաժիշտների հետ: Սրտանց ցանկանում եմ` թող ձեզնից յուրաքանչյուրը գտնի իր երգը, որը կհամապատասխանի իր հոգեվիճակին ու ապրումներին»,-նկատեց երգիչը: Ի դեպ, ձայնասկավառակը թողարկվել է ԱՄՆ-ում եւ օրեր առաջ արդեն հայտնվել հայաստանյան շուկայում:
Ինչ վերաբերում է երգչի առաջիկա ծրագրերին, մոտ ապագայում Արմանը կմեկնի համերգային շրջագայության՝ հոկտեմբերի 11-ին՝ Ամստերդամ, հոկտեմբերի 13-ին՝ Փարիզ, իսկ դեկտեմբերին` ԱՄՆ:
ՈՐՊԵՍ ԵՐԳԻՉ՝ ԼՌՈՒՄ Է
Երեկ երգիչ, հնչյունային ռեժիսոր Տիգրան Պետրոսյանը նշում էր իր ծննդյան 42-ամյակը: Հավանաբար քչերը գիտեն, որ Տիգրանը ծնվել է Հյուսիսային Կովկասի Գրոզնի քաղաքում: Ավարտել է Մասիս քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը, սովորել Երեւանի թիվ 3 երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժնում: 1998 թվականից էլ աշխատել է Երգի պետական թատրոնում: 2005թ. «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոնում արժանացել է «Լավագույն երգիչ» մրցանակին: 2010թ. ԱՄՆ-ում անցել է մասնագիտական դասեր` որպես ձայնային ռեժիսոր: Ժամանակին Տիգրանը նաեւ տեսահոլովակներ էր ներկայացնում հանրության դատին, բայց հիմա, կարծես թե, երգչի անհատական կարիերայով չի զբաղվում, աշխատում է ձայնագրման ստուդիայում: