ՀԱՐՑ. Հասարակության մեջ կարծիք կա ձեւավորված, որ երբ տանը հայելի է կոտրվում, ապա այդ տան մեջ դժբախտություն է կատարվում: Ես ինքս նմանատիպ շատ դեպքերի մասին լսել եմ: Ի՞նչ կարծիք ունի Հայ առաքելական եկեղեցին այս հարցի շուրջ: Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ընդամենը զուգադիպություններ են տեղի ունենում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայելին միշտ էլ մարդկանց մեջ առաջացրել է անբացատրելի երեւույթների նկատմամբ ակնածանք: Իրականում այս ամենը շատ մեծ սնոտիապաշտություն է: Եվ ոչ սնոտիապաշտ մարդը որեւէ կերպ չի հավատա այդ ամենին: Ես փոքր հասակից անընդհատ հայելի եմ կոտրել, բայց երբեւիցե դրան պատասխան մահ չի եղել: Ընդհանրապես, այդ ամենը պատահականությունների շարք է: Ամեն ինչ Աստծո կամքով է տեղի ունենում, այլ ոչ թե հայելու կոտրվելով: Եթե այդպես լիներ, ապա պետք է պաշտեինք ոչ թե Աստծուն, այլ հայելուն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում հասարակության որոշակի շերտ կարծես բավական սնոտիապաշտ է դարձել, ինչը լուրջ խնդրի է վերածվում: Բնականաբար, «Աստվածաշունչ»-ը մերժում է այս եւ նմանատիպ հայացքները: Կարծում ենք, որ քսանմեկերորդ դարում մարդիկ պետք է խելամիտ գտնվեն եւ դատարկ երեւույթների վրա ավելորդ ժամանակ չվատնեն: