Լարված մթնոլորտ թատրոնում. գեղխորհուրդը հրաժարական է տվել, փոխտնօրենը` հեռացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական կամերային երաժշտական թատրոնում կրկին կրքերը թեժացել են: Թատրոնի գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց թատրոնի` գեղարվեստական մասով արդեն նախկին փոխտնօրեն Տաթեւիկ Մանվելյանը: Մինչ անդրադառնալը թատրոնի ներսում ծայր առած խնդիրներին, վերջինս նախ նշեց, որ թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը մի քանի օր առաջ իրեն ազատել է աշխատանքից. «Չեմ անդրադառնա այն անձնական խնդիրներին, որոնք ի հայտ եկան երկուսիս միջեւ, թե ինչպես նա վարվեց ինձ հետ` այն աշխատողի, որի հասցեին միշտ գովեստի խոսքեր էր հնչեցնում: Ես թատրոնում վերջին անգամ եղել եմ հունիսի 20-ին: Տնօրենը շատ անհիմն, ծիծաղելի նկատողությունների հիման վրա հեռացրել է ինձ աշխատանքից: Դրանք իրավական լուրջ խախտումներն են, եւ ես դրանց լուծումը կգտնեմ»,- ասաց նա` հավելելով, որ չգիտի` իրեն փոխարինող արդեն գտնվել է, թե ոչ:

Ինչ վերաբերում է գեղխորհրդին, նախկին փոխտնօրենի խոսքով, այն վերջին ամիսներին բավական դաժան աշխատանք է կատարել. «Տնօրենը միշտ կոնֆլիկտներ էր ստեղծում, իր չիմացությամբ միջամտում էր ստեղծագործական լուրջ հարցերի: Մեկ երկու, երեք, գեղխորհուրդն արդեն հասկացավ, որ հնարավոր չէ, անիմաստ է նման պայմաններում ստեղծագործել»,-մեկնաբանեց նա:
Տ. Մանվելյանի խոսքով` թատրոնը մշակութային օջախ է, եւ այն չի կարող տնօրինել մեկը, որը ոչինչ չի հասկանում դրանից. «Նա սովորական ըկերության ղեկավար չէ, որ ընդամենը մենեջմենթին տիրապետի եւ վերջ: Վարդան Գրիգորյանը ստեղծագործական պրոցեսը կապում է թղթի ու գրիչի հետ, օրինակ` ասում է` մինչեւ տվյալ մասնագետի հետ պայմանագիր չկնքվի, վերջինս թող թատրոն մուտք չգործի: Ստեղծագործող մարդու առջեւ չի կարելի նման պայմաններ դնել: Նա աշխատում է զուտ տեխնիկական վարչարարի մեթոդներով»,-մանրամասնեց նախկին փոխտնօրենը:

Մեր այն դիտարկմանը, որ իրադարձությունների այս ֆոնին ակամայից հիշում ենք այս տարվա փետրվարին թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանի հեռացման փաստը եւ նրա այն խոսքերը, թե թատրոնը ստեղծագործական ճգնաժամից դուրս բերելու իր ցանկությունը նման պայմաններում հնարավոր չէ իրագործել, Տ. Մանվելյանը պատասխանեց. «Զուտ արվեստին վերաբերող որոշ հարցերում ես համաձայն եմ Մելիքսեթյանի հետ… Այն, որ Վ. Գրիգորյանը ունի շատ լուրջ ինքնահաստատման խնդիր, ու տնօրեն բառը շատ է իրեն ոգեւորում, դա փաստ է»:
Հարցին, թե բացի իրենից՝ էլ ում է հեռացրել տնօրենը, Տ. Մանվելյանը պատասխանեց. «Գեղխորհուրդը նոր պարուսույց բերեց, տնօրենը պատճառաբանեց, թե նրան վճարելու հնարավորություն չունի ու ավտոմատ կերպով դուրս թողեց աշխատանքից: Բոլոր նրանք, ովքեր ուղիղ կապ ունեն ստեղծագործական հարցերի հետ եւ կբացահայտեն տնօրենի չիմացությունը, նրան դեմ դուրս կգան, կարժանանան այն նույն ճակատագրին, ինչ ես, ուստի շատերը, թեկուզ եւ տեսնելով տնօրենի սխալները, նախընտրում են լռել»:

«Ժողովուրդ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ գեղխորհրդի արդեն նախկին անդամ, դերասան, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանից. «Գեղխորհրդի բոլոր անդամները համակարծիք են այս հարցում: Տնօրենը չի տիրապետում իր աշխատանքին: Տվյալ մարդու հետ որեւէ ստեղծագործող մարդ չի կարող աշխատել: Թատրոնի տնօրենը պետք է առաջին հերթին թատրոնի սիրահար լինի: Եթե նվիրյալ չի, իր ներկայությամբ քանդում է ամեն ինչ»,-նկատեց նա:
Զրուցեցինք նաեւ թատրոնի դերասանուհի Շողեր Ջալալյանի հետ, ով մեզնից տեղեկացավ գեղխորհրդի հրաժարականի մասին: «Ընդամենը մի քանի օրից մեր թատրոնում պրեմիերա է լինելու, նո՞ր են որոշել հրաժարվել… Օրերս էլ խոսվում էր այն մասին, թե գեղխորհուրդը պետք է տեսնի` ինչպես են ընթանում դրա հետ կապված աշխատանքները»,- եղավ նրա արձագանքը:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ թատրոնի տնօրեն Վ. Գրիգորյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս