Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ իտալացի երգիչ եւ երգահան Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Հայաստանում ապրիլի 26-ին կայանալիք համերգը: Այնուամենայնիվ, ակնկալվում էր, որ դահլիճը լեփ-լեցուն էր լինելու, քանի որ քաղաքացիների մի զգալի հատված հասցրել էր տոմսեր գնել: Ռամազոտիի՝ հուսախաբ եղած երկրպագուներին, սակայն, այդ տոմսերի գումարը մինչեւ օրս չի վերադարձվել: «Ժողովուրդ»-ը դեռեւս մարտին գրել էր, որ Ռամազոտիի համերգի տոմս գնած քաղաքացիները հայաստանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production-ից շտապ փոխհատուցում էին պահանջում: Բայց քանի որ նրանց բողոքները որեւէ էական արդյունք չտվեցին, վերջիններս որոշել են խնդիրը լուծել դատական կարգով: 40-ից ավել քաղաքացիներ մտադիր են տեր կանգնել իրենց իրավունքներին: Տուժածներից մեկը` Գայանե Դեմիրչյանը, ով նաեւ փաստաբան է, որոշել է հանձն առնել այդ գործը: «Ժողովուրդ»-ը հանրությանը հուզող որոշ հարցերի շուրջ զրուցել է փաստաբանի հետ:
-Գայանե՛, Forpostart Production-ը, պատասխանելով տուժած քաղաքացիների բողոքներին, պատճառաբանել է, որ այս պահին չի կարող վերադարձնել տոմսերի գումարները, քանի որ բավականաչափ ֆինանսներ է ներդրել` համերգի գովազդի եւ մի շարք այլ ծախսեր հոգալու համար: Այդ բացատրությունները ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր իրավունքների պաշտպանությամբ: Եթե Forpostart Production-ի իրավուքները ոտնահարվել են, վերջինս էլ իր հերթին պետք է զբաղվի իր շահերի պաշտպանությամբ: Եթե ինքը ծախսեր է արել, դրա պատասխանատուն ո՞վ է, սպառո՞ղը: Այս պահին մեզ որեւէ մեկնաբանություն չի հետաքրքրում: Մենք ունենք խախտված իրավունք, փորձում ենք վերականգնել այն: Ոչ մի երաշխիք չկա, որ ընկերությունը իր նշած ժամկետներում կվերադարձնի տոմսերի գումարները:
-Forpostart Production-ի պաշտոնական կայքում կարդում ենք, որ տոմսերի վերադարձի գործընթացը քիչ ժամանակատար դարձնելու նպատակով պետք է ներկայացնել հատուկ դիմում, որի օրինակը ներկայացված է կայքէջում: Այդ օրինակում կա նման կետ՝ «Տոմսարկղ» ՍՊԸ, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ, «Արձագանք» ՍՊԸ, «Շոութիկեթ» ՍՊԸ, «Լակի» ՍՊԸ, անհատ ենթագործակալների նկատմամբ որեւէ բողոք չունեմ»: Սրա ներքո քաղաքացին պետք է ստորագրի: Ի՞նչ եք կարծում` այս կետը որեւէ վտանգ պարունակու՞մ է:
-Ես ինքս այս պահին ունեմ բողոք, հետեւաբար «բողոք չունեմ» հայտարարության ներքո չեմ ստորագրի: Զուտ շահերի պաշտպանությունից ելնելով` այո, վտանգ տեսնում եմ:
-Ըստ Ձեզ` չկայացած համերգի հայաստանյան կազմակերպիչը տոմսերի վերադարձի եւ այլ հարցերի վերաբերյալ պատշաճ կերպով իրազեկե՞լ է հանրությանը:
-Կարծում եմ` մենք ոչ այնքան իրազեկ ենք ընկերության գործողություններից, քանի որ Forpostart-ը իր հայտարարությունները տարածում է միայն պաշտոնական կայքի միջոցով, որը ոչ բոլորն են կարդում: Հասարակությունը լավ տեղյակ չէ` ինչ կարգով են վերադարձվելու տոմսերը: Համենայն դեպս, տոմսերի գումարների վերադարձի մասին տեղեկութունները նույն մասշտաբով եւ ակտիվությամբ չեն տարածվում, որքան ժամանակին տարածվում էին Ռամազոտիի համերգի հայտարարության վերաբերյալ գովազդները:
-Ի՞նչ եք կարծում` հայաստանցին այսօր պահանջատե՞ր սպառող է: Սեփական իրավունքներն ու շահերը պաշտպանելու միտումը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Մեր հասարակությունը, առհասարակ, համբերող հասարակություն է, բայց միեւնույն ժամանակ ողջունելի է, որ մարդկանց իրավագիտակցությունը աստիճանաբար բարձրանում է: Սպառողն ինքը չի ակտիվանում, քանի դեռ չի բախվում որեւէ խնդրի: Եթե մինչեւ այսօր շատերը ուշադրություն չէին դարձնում, թե ովքեր են համերգի կազմակերպիչները, ում երաշխավորմամբ, հովանավորությամբ է այն կազմակերպվում, ապա այսօր, կարծում եմ, նման կարեւոր հարցերը չեն անտեսվի:
-Գայանե՛, Հայաստանում համերգի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու նախադեպ եղե՞լ է, թե՞ սա առաջին դեպքն է:
-Ո՛չ, Հայաստանում նման նախադեպ չի գրանցվել: Դաշտը բաց է, պրակտիկ առումով չունենք այս թեմայով դատական գործեր եւ վեճեր: Երեւի դա է պատճառը, որ շատ ընկերություններ կարողանում են համերգի օրերը իրենց ուզած ժամանակ փոխել, հետաձգել, տոմսերի վերադարձն ուշացնել եւ այլն: Ոչ ոք իրավական պատասխանատվության դեռեւս չի ենթարկվել, եւ գուցե այդ հանգամանքն էլ ստեղծել է անպատասխանատվության միջավայր:
Աննա Բաբաջանյան