«Մեզ հրաման է բաց թողնված, որ մեր գյուղը պետք է միշտ մաքուր լինի». Հռոմի Պապի այցից առաջ Փոքր Վեդին մաքրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում այս օրերին իրականացվում են մաքրման լայնածավալ աշխատանքներ: Երեկ նույնիսկ ՀՀ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացրել գյուղում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փոքր Վեդիի բնակիչները հայտնեցին, որ գյուղում ընթացող մաքրման աշխատանքները կապված են Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցի հետ: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Փոքր Վեդու գյուղապետի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, ինչո՞ւ է Ձեր գյուղում ոստիկանությունը ուժեղացված հսկողութուն իրականացնում: Ի՞նչ են ստուգում:

-Դե, իրենք ստուգում են սանիտարական մաքրությունը: Բացի այս, նրանք ստուգում են, թե այս ընթացքում ովքեր են գյուղ նոր մտնում կամ անցնում գյուղի կողքով: Հետաքրքրվում են՝ ինչի համար են եկել եւ այլն: Սրանք նախապատրաստական աշխատանքներ են:

-Այս ամենը կապված է Հռոմի Պապի Հայաստան կատարելիք այցի հե՞տ:

-Այո՛, այո՛, այդ այցի հետ է կապված: Հունիսի 26-ին Հռոմի պապը մեր գյուղի միջով է անցնելու, որ գնա Խոր Վիրապ:

-Հիմա կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են տարվում գյուղում:

-Հիմա մաքրման աշխատանքներ ենք կատարում, հետո պետք է գծանշումներ անենք: Կարճ ասած՝ ասֆալտը պետք է լվացվի, մաքրվի, որ իր այցին պատրաստ լինի:

Վերջին անգամ գյուղում ե՞րբ են մաքրման նման աշխատանքներ իրականացվել:

-Ամեն տարի էլ կազմակերպում ենք: Մենք ունենք սանիտարական ամիս, որի ժամանակ ճանապարհները մաքրվում են: Կոնկրետ մեր գյուղամիջյան ճանապարհը, որը գնում է դեպի Խոր Վիրապ, կոչվում է հանրապետական ճանապարհ: Չնայած որ սպասարկելը տրանսպորտի եւ կապի նախարարության իրավասության ներքո է, բայց այն իրականացում ենք մենք:

-Գյուղապետարանի՞ միջոցներով:

-Այո եւ ոչ միայն. մեզ օգնում են նաեւ համայնքի բնակիչները: Ամեն բնակիչ իր տան ուղղությամբ մաքրման աշխատանքներ է իրականացնում: Մարդիկ իրենց տան դիմացի առուների կեղտն են հանում, իսկ մենք էլ դրա տեղափոխման հարցն ենք լուծում:

-Տեղյա՞կ եք, միայն Ձե՞ր գյուղում են իրականացվում նման աշխատանքներ, թե՞ հարակից գյուղերում էլ է նույն իրավիճակը:

-Դե, մեզ հրաման է բաց թողնված, որ մեր գյուղը պետք է միշտ մաքուր լինի, քանի որ այն տուրիզմի գոտում է:

Հ.Գ. Ի դեպ, Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ հունիսի 26-ին Խոր Վիրապում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս