Ով է Ժիրայր ՍԷֆիլյանի գործով հետախուզման մեջ գտնվողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք առաջադրեց` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով, եւ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Եվ, ահա, պաշտոնական վարկածի համաձայն՝ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, ինչպես նաեւ պատրաստ լինել համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք: ժիրայր Սէֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել եւ ցուցմունք չտալ:
Ու մինչ իրավապահ համակարգը փորձում է ամեն կերպ համոզել «հանցավոր խմբավորման» հետ «Հիմանդիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի կապը, վերջինիս թիմակիցները հրապարակավ հայտարարում են, որ Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալել են շինծու մեղադրանքով, եւ սա քաղաքական պատվեր է:
Նշենք, որ այս առեղծվածային պատմության հրապարակայնությունից անցել է 3 օր, իսկ իշխանությունները շարունակում են գաղտնի պահել, թե Ժիրայր Սէֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք ովքեր են, եւ, առհասարակ, ինչ են նրանք պատմել Ժիրայր Սէֆիլյանի գործունեությունից, ինչ կոնկրետ առնչություն ունեն ազատամարտիկ Սէֆիլյանի հետ:

«Ժողովուրդ»-ը երեկ գրել է, որ այս գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Պողոսյանն է, մյուսը` Հովհաննես Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում, եւ անհասկանալի է, թե ինչ առնչություն ունեն Սէֆիլյանի հետ: Մեզ հաջողվեց պարզել, որ 36-ամյա Ներսես Պողոսյանը եւ 38-ամյա Հովհաննես Պետրոսյանը Երեւան քաղաքի բնակիչներ են: Ավելին՝ մեզ հասած լուրերով՝ մինչ այս, երիտասարդները կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանի դեմ ցուցմունք չեն տվել, ոչինչ չեն հայտնել իրավապահներին:
Իսկ ովքե՞ր են այս գործով կալանավորված 7-ին անձինք, որոնց թվում է նաեւ Ժիրայր Սէֆիլյանը:

«Ժողովուրդ»-ին այդ անձանց մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ քննչական կոմիտեի մեր աղբյուրների հաղորդմամբ՝ քրեական գործի շրջանակներում կալանքի տակ են գտնվում Գալուստ Գրիգորյանը, Հրայր Թոփչյանը:
Իսկ մի քաղաքացի, ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրված հանձնարարության, այս պահին փնտրվում է: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ հետախուզման մեջ գտնվող անձը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է, որին իրավապահները երեկվա դրությամբ դեռեւս չէին հայտնաբերել:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Մովսիսյանը, Գալուստ Գրիգորյանը կամ Հրայր Թոփչյանը ինչ-որ բաներ են հայտնել իրավապահներին Ժիրայր Սէֆիլյանի մասին: Թե նրանցից կոնկրետ ով է եղել տեղեկություն տվողը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
Հավելենք, որ ամեն դեպքում հասարակական ընկալում կա՝ ՀՀ քննչական կոմիտեն Ժիրայր Սէֆիլյանին կալանավորեց իր քաղաքական հայացքների համար, եւ հիմա նրա «գլխին գործ է սարքվում»:

Հ. Գ. Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ էր, բանն այն է, որ մինչ դատավոր Սիմիզար Հովսեփյանը քննարկում էր ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Ժ. Սէֆիլյանի խափանման միջոցի՝ կալանավորման մասին, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները, ինչպես նաեւ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին անցկացնում դատարանի առջեւ: Ակցիայի մասնակից կանանց մի մասը ցանկացել է պառկել դատարանի դիմաց, ինչն էլ պատճառ է դարձել տարածքը հսկող ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ առաջացած քաշքշուկի, եւ մի քանի կանայք բերման են ենթարկվել:

Քնար Մանուկյան




Լրահոս