ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Հարավային շրջանի դատախազությունը հայտնել է, որ բացահայտել է խոշոր խարդախության դեպք, որն իրագործվել է ամերիկաբնակ հայերի ու Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ,- տեղեկացնում է Tert .am-ը
Արդյունքում հարուցվել է 4 քրեական գործ, որոնցում ընդհանուր առմամբ ներառված է 55 մարդ, որոնցից 22-ն արդեն ձերբակալվել են Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում, Լաս Վեգասում ու Մերիլենդ նահանգում։ Մյուս 33-ը գտնվում են փախուստի մեջ։ Ըստ BBC-ի՝ նրանցից 21-ն արդեն լքել է Միացյալ Նահանգները։
Առաջին գործը վերաբերում է խարդախությանը, որի կազմակերպիչները գողացել են 2 հազարից ավելի մարդու անձնական տվյալներ և նրանց անունից ԱՄՆ-ի հարկային ծառայությունից պահանջել վերադարձնել այդ անձանց կողմից վճարված 17 մլն դոլարի հարկային վճարումները։ Հարկային աշխատողները մերժել են դիմումների մի մասը, սակայն վերջիվերջո խաբեբաներին փոխանցվել է 7 մլն դոլար։
Խարդախությունը ծրագրած ու իրականացրած խմբի ղեկավարները, ըստ դատախազության, Լոս Անջելեսի 32-ամյա բնակիչ Արթուր Գրիգորյանն է, 30-ամյա Էռնեստ Սոլոյանը և 34-ամյա Հովհաննես Հարությունյանը։ Գրիգորյանը հայտնի է “Քոռ, “Մո”, “Պոնչ” մականուններով, իսկ 2-րդը՝ “Հովո” և “Օձ” մականուններով։
2-րդ գործով անցնում է 3 մարդ. նրանք հարկային ծառայություն են ուղարկել 400-ից ավելի կեղծ փաստաթուղթ այն մարդկանց անունից, որոնց տվյալները գողացված են եղել։
Ինչ վերաբերում է 3-րդ գործին, ապա այն առնչվում է 8 հոգանոց մի խմբի, որի ղեկավարներն են 32-ամյա Հովակիմ Սողոմոնյանն ու 39-ամյա Արթուր Գևորգյանը։ Նրանք գտել են Wells Fargo բանկի հարուստ հաճախորդների անուններն ու անձնական տվյալները, ինչից հետո բանկ են ուղարկել այդ մարդկանց արտաքնապես նման ինքնակոչներին, ովքեր որպես հաճախորդ են ներկայացել։
Արդյունքում, խաբեբաները բանկին խնդրել են, որպեսզի իրենց հաշվից գումար փոխանցվի ոսկու վաճառքով զբաղվող մեկի հաշվին։ Խարդախության հեղինակները նպատակ են ունեցել այս կերպ 3 մլն դոլար աշխատել, սակայն ստացել են ընդամենը 551 հազարը։
Իսկ 4-րդ գործով անցնում է 18 մարդ՝ 35-ամյա Կարեն Գալստյանի ու 32-ամյա Վահագ Ստեփանյանի գլխավորությամբ։ Նրանք մեղադրվում են առանց մարման չեքերի ստորագրման համար։ Այդկերպ նրանք ցանկացել են Bank of America-ից 600 հազար դոլար հափշտակել։