5 կամ մեկ շրջան հանձնելն այնպիսի բան չի էլի, որ այսպես վայրկյանական կատարվի. Համլետ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ, ըստ որի՝ պետք է Ադրբեջանին հանձնվեն 5, ապա եւս 2 շրջաններ:

Նկատենք, որ այս հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն հերքում տարածեց, որտեղ, սակայն, շրջանների հանձնման հնարավորությունը բացառող որեւէ ձեւակերպում չկար: «Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- նշված էր ԱԳՆ հայտարարությունում:
Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը՝ առաջիկայում 7 շրջաններ հանձնելու մասին, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես կոնկրետ որեւիցե տեղեկություն չունեմ, բայց դա այնպիսի հարց է, որ այստեղ գաղտնի պայմաններով հնարավոր չի լինի: Եթե դա պաշտոնապես հայտարարված չէ, ես կարծում եմ, որ իրականությանը չի համապատասխանում: 5 շրջան հանձնելը կամ մեկ շրջան հանձնելը այնպիսի բան չի էլի, որ այսպես վայրկյանական կատարվի: Ես կարծում եմ, որ բանակցությունների գործընթացը շարունակվելու է, եւ այս շրջանների հանձնելը-չհանձնելը մենք պաշտոնապես իմանալու ենք: Բայց խորապես համոզված եմ, որ նման բան գոյություն չունի, որովհետեւ առաջին հերթին ոչ թե շրջանների մասին է խոսքը, այլ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, նրա անվտանգության երաշխիքների: Առաջինը սա պետք է լինի, մնացածը ածանցյալներ են: Այսօր նմանատիպ պայմանավորվածություն ես չեմ կարծում, որ կարող է լինել: Ընդհանրապես Ադրբեջանի պաշտոնական շրջանակները անընդհատ տարբեր ձեւի բաներ են ասում, որը իրականությանը չի համապատասխանում: Եթե նման բան լինի, պաշտոնապես կհայտարարվի, բայց նման բան բացառվում է, որ լինի:




Լրահոս