Հայաստանի այն պաշտոնյան, որը կհամարձակվի հողեր հանձնել, նա այդպիսով կստորագրի իր մահվան դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին քսան տարիներին Հայաստանի հանրության ընդհանրական գիտակցության մեջ մշտապես եղել է այն համոզմունքը, որ եթե մի այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանություններին, իսկ ավելի կոնկրետ՝ երկրի նախագահին պարտադրեն հողերի զիջում նախատեսող փաստաթուղթ ստորագրել, եթե նա այլընտրանք չունենա, ապա հրաժարական կտա, բայց չի համարձակվի նման փաստաթուղթ ստորագրել:
Այս գիտակցությունը եղել է բոլորի մոտ, այդ թվում նաեւ՝ իշխանությունների ներկայացուցիչների: Բոլորի համար ակնհայտ է եղել եւ մնում, որ Հայաստանի այն պաշտոնյան, որը կհամարձակվի հողեր հանձնել, նա այդպիսով կստորագրի իր մահվան դատավճիռը ե՛ւ քաղաքական, ե՛ւ ամենատարբեր իմաստներով:
Մինչ սահմանադրական փոփոխությունները, հող հանձնելուց խուսափող «ստորագրողի» խնդրի լուծումը տեսանելի եւ պարզ էր: Նախագահը հրաժարական էր ներկայացնում եւ արտահերթ ընտրություններ էին տեղի ունենում:

Սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանի հրաժարականով ոչ միայն խնդիրը չի կարող լուծվել, այլ նաեւ կարող է սահմանադրական ճգմաժամ ստեղծվել: Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը վերցնի ու վաղը հրաժարական ներկայացնի, ապա Հայաստանի կառավարման համակարգը, մեղմ ասած, կխափանվի: Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահին վերապահված լիազորություններն անցնում են վարչապետին, բայց դա պետք է տեղի ունենա աստիճանաբար` նոր խորհրդարանի ձեւավորումից հետո:
Այլ կերպ ասած՝ մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականն նախ անհրաժեշտ է, որ խորհրդարանը ցրվի: Իսկ Ազգային ժողովը կարող է ցրվել հին խմբագրությամբ Սահմանադրության 74.1 հոդվածի համաձայն: Նկատենք, որ նոր խմբագրությամբ Սահմանադրության խորհրդարանին վերաբերող գլուխը դեռ ուժի մեջ չի մտել եւ այն իրավական ուժ կստանա հաջորդ խորհրդարանի գործունեության սկսվելու պահից: Այսպես՝ վերը նշված 74.1. հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝ ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ. բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում. գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավել իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»:

Այսինքն՝ մեկ կամ երկու ամսում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն փաստացի չկա: Ամենաարագացված տարբերակով խորհրդարանը ցրելու հիմքեր ստեղծելու համար երեք ամսից ավել ժամանակ կպահանջվի: Եթե տեսականորեն Սերժ Սարգսյանն այսօր իսկ որոշի, որ խորհրդարանը ցրելու գործընթաց է սկսում, ապա իր ծրագիրը նա կարող է կյանքի կոչել սեպտեմբերի վերջից ոչ շուտ, ավելի իրատեսական է հոկտեմբերին: Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել խորհրդարանի ցրելուց հետո ոչ շուտ, քան երեսուն օր առաջ: Այլ կերպ ասած՝ մինչեւ խորհրդարանը ցրելու համար հիմքեր ստեղծվեն, արդեն իսկ կմոտենա ԱԺ հերթական ընտրությունների ժամանակը:
Այսինքն՝ մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը, որը պետք է տեղի ունենա եկող տարվա գարնանը, կամ ավելի կոնկրետ՝ ապրիլին, Հայաստանի ղեկավարությունը, մեղմ ասած, հույսը պետք է իր վրա դնի եւ բացառապես դիվանագիտական ճանապարհներով փորձի խուսափել որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, քանի որ նահանջի ճանապարհից՝ անհրաժեշտության դեպքում պատվով հեռանալու տարբերակից զրկված են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս