Ապրիլյան իրադարձությունները ծրագրված էին դեռ 2010 թվականից. Աշոտ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո ադրբեջանական կողմից հայտարարություններ եղան այն մասին, որ հստակ պայմանավորվածություններ  են ձեռք բերվել, որոնց թվում է մի քանի տարածքների զիջման հարցը: Դուք հնարավոր համարո՞ւմ եք նման սցենարը:

– 2010թ․-ի օգոստոսին պետք է տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ 2016թ-ի ապրիլի սկզբին։ Քառօրյա պատերազմը ակնհայտորեն նախատեսված էր բեմականացնել 2010թ․-ի օգոստոսին։ Այն չհաջողվեց տեղեկատվության արտահոսքի հետևանքով։ Այս անգամ կողմերը հիանալի պատրաստվել էին, և նախատեսված ծրագիրը՝ լավ, թե վատ, իրականացվեց։ Միայն կարճ ժամանակ անց վերլուծաբանները գլխի ընկան կատարվածը և բացահայտեցին։ Այս բացահայտման արդյունքում է, որ Հայաստանում սկսվեց տեռոր (առաջինը՝ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությամբ), որի դեմ հնարավոր է առնել միայն տասը միլիոն հայության ընդվզման շնորհիվ։

– Այսինքն` դուք կարծում եք, որ այս ապրիլյան պատերազմը կազմակերպվա՞ծ կամ ուղղորդվա՞ծ էր:

– Զալցբուրգում Թուրքիայի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչ Սուատ Կինիկլիօղլուն պաշտոնապես դիմել է ինձ խնդրել-հորդորելով «չխանգարել, այլ օգնել ՀՀ նախագահին՝ կատարելու Վաշինգտոնում Օբամայի և Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ունեցած պայմանավորվածությունը` այն է կարճ ժամանակամիջոցում Ֆիզուլիի և Քելբաջարի շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված»: Այս հայտարարությունը կրկնվել է Կինիկլիօղլուի կողմից շաբաթներ անց Վաշինգտոնում ելույթի ժամանակ, և այն հաստատել է նաև Էրդողանը` ավելացնելով, որ 2 շրջանների հանձմանը անմիջապես կհաջորդի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ սահմանների ապաշրջափակումը Թուրքիայի ու նույնիսկ Ադրբեջանի կողմից:
Այնուհետեւ, մայիսի վերջին ինձ հաղորդվել է, որ կա պայմանավորվածություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջեւ, որ ամռան ամիսներին արցախյան սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր` Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ պայմանավորված, որի արդյունքում սկզբում տրվելու են տասնյակ զոհեր, այնուհետեւ կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների: Պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, և վերը նշված շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր` Ֆիզուլի ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար` Ռուսաստանի:

– Նշանակում է` այս ամենը վաղուց որոշվա՞ծ էր:

– Այն ժամանակ պայմանավորված էր, չկարողացան իրականացնել, որովհետև մեծ աղմուկ բարձրացվեց: Այս անգամ ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որ միայն պատերազմից ինչ-որ ժամանակ հետո վերլուծաբանները գլխի ընկան, որ սա կազմակերպված և պայմանավորված է: Արեցին այն, ինչ այն ժամանակ պետք է անեին, և Սերժ Սարգսյանն առաջին դեր է խաղում այս պատմության մեջ, և նա բնական է, որ վաղուց համաձայնվել էր և հիմա էլ երկու ձեռքով կողմ է, որ աթոռը պահպանելու համար գնան այդ քայլին: Իրան միայն իր աթոռն է հետաքրքրում, հիմա եթե մենք բոլորով գոռանք«ոչ», ոչինչ էլ տեղի չի ունենա: Կազմակերպիչները վստահ չեն` տեղ կհասնեն, թե ոչ, պետք է միասնական լինել, եթե տասը միլիոն հայ ժողոովուրդն ասի ոչ, սա չի լինելու: ԵՀՄՖ-ն աչալուրջ է և տեսնենք՝ ինչ շարունակություն են ստանալու գործընթացները․ կկրկնվի՞ արդյոք նախապես գրված սցենարով, սակայն ուշացած այս բեմականացումը առավել մեծ երկկողմանի զոհերի հեռանկարով: Բայց մեկ փաստ ակնհայտ է, որ սկսում ենք համոզվել, որ այդ պատերազմը 2010 թվականին չկայացավ ԵՀՄՖ-ի կողմից լուրջ լոբինգային գործունեության արդյունքում ձեռք բերված գաղտնի տեղեկատվության և նրա արտահոսքի շնորհիվ։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս