Բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 27-ին ԱԻՆ ՍՊԾ համակարգի աշխատակիցները հերթական դասախոսությունը ներկայացրեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Այս անգամ դասընթացը կազմակերպված էր տարածքային կառավարման մարմինների ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների համար:
Առաջին ելույթում խոսվեց երկրաշարժի առաջացման, տեսակների, առանձնահատկությունների, Հայաստանում տեղի ունեցող երկրաշարժերի բնույթի և յուրահատկությունների մասին: Հատուկ ուշադրություն դարձվեց ներկայումս ողջ աշխարհում կանխատեսման մեթոդների և սեյսմոլոգիայի ժամանակակից հնարավորությունների վրա:
Հաջորդ թեման վերաբերում էր շենքերի և շինությունների սեյսմակայունության խնդիրներին: Նշվեցին այն բոլոր շինարարական սխալներն, որոնք բերեցին Սպիտակի 1988թ. երկրաշարժի նման ողբերգական հետևանքների: Առանձին խոսվեց ներկայումս մի շարք շինարարական խնդիրների մասին, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ, եթե դրանք շարունակվեն անտեսվել:
Ներկայացվող թեմաները մեծ արձագանք գտան ունկնդիրների կողմից, առաջադրվեցին հրատապ հնչեղություն ունեցող հարցեր և տրվեցին սպառիչ ու բովանդակալից պատասխաններ: