ԻՆՉՈՒ ՀՅԴ-Ն ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ 800 ՀԱ ՏԱՐԱԾՔԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմից 800 հեկտար տարածքի կորուստը զարմանալիորեն լուրջ բողոքի եւ ընդվզման ալիք չբարձրացրեց ՀՀ քաղաքական դաշտում: Բացի մեկ-երկու մարգինալ քաղաքական ուժերից, խորհրդարանում ներկայացված եւ ազդեցիկ մնացած քաղաքական ուժերը, մեծ հաշվով, այդ կորուստն ընդունեցին ի գիտություն, եւ ոչ ավելին: Այդ ուժերի թվում իր լռությամբ առանձնապես աչքի ընկավ ազգայնական համարվող «Հայ հեղափոխական դաշնակցությունը»:
Թե որն է պատերազմի տարիներին իշխանություններին «ծառերից կախելու» կոչեր անող ՀՅԴ ներկայիս լռության պատճառը, «Ժողովուրդը» փորձեց պարզել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից:

-Պարո՛ն Վարդանյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մենք կորցրել ենք 800 հեկտար տարածք: ՀՅԴ-ն լինելով ազգայնական գաղափարախոսոթյուն ունեցող ուժ՝ զարմանալիորեն այս մասով իր դժգոհությունները չհայտնեց: Ինչո՞ւ:
-Մենք բազմիցս հայտնել ենք: Սա դարձնել մատի փաթաթան, նախ ինքնին սխալ է: Այնպես չի, որ կար հստակ պետական սահման, դեմարկացիոն գիծ, որը խախտվել է: Այս վերջին 20-24 տարիների ընթացքում այդ շփման գիծը տասնյակ անգամներ, եթե ոչ հարյուր անգամներ տեղաշարժվել է այս կողմ, այն կողմ: Մենք էլ տարբեր ժամանակներում ամրապնդել ենք մեր դիրքերը, ավելի հարմար դիրքեր դուրս եկել, բայց սա չի էականը այսօր: Այսօր էականն այն է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հերթական ագրեսիան տապալվեց, ձախողվեց, հայկական բանակը, հայ ուժերը անձնազոհության շնորհիվ կարողացան այդ ծրագիրը` բլից կիրգը տապալել, սա է արդյունքը: Վաղը կարող է այդ նույն 800 հեկտարի մի ուրիշ տեղում մենք նոր դիրքեր ունենանք: Այս փոփոխություններն այնքան են եղել եւ ավելի հաճախ հօգուտ մեզ, բայց որեւէ մեկը չի եկել, չի ասել՝ տեսեք, այստեղ հազար հեկտար մեր հսկողության տակ է:
Այո, շատ բարդ իրավիճակ է, շատ ծանր, լայնածավալ հարձակում էր ամբողջ սահմանի երկայնքով, հարյուրավոր զրահամեքենաներ, տանկեր կուտակված էին, որոնք փորձում էին ճեղքել կենտրոնը, բայց տապալվեց: Ադրբեջանը ձախողվել է. սա է իրականությունը: Մենք, այո, ունեցել ենք կորուստներ, եւ ամենաթանկ կորուստները մեր զինվորների՝ այս ընթացքում հարյուրից ավելի կորուստն էր, Ադրբեջանը մի քանի անգամ ավելի կորուստ ունեցավ: Եւ այս առումով սա չէ այսօրվա հիմնական հարցը, այլ մեր պատկերացումներով դա Ղարաբաղի խնդրի կարգավորումն է, դրանից հետո հնարավոր կլինի խոսել հաջողությունների մասին:
-Պարո՛ն Վարդանյան, տեղյակ եք, որ թեեւ Նախիջեւանի կողմում ռազմական գործողություններ չեն եղել, բայց հայկական կողմը մինչեւ Երախս գետը տարածնքներ է զիջել հակառակորդին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ, ի՞նչն է եղել պատճառը:
-Ես պետք է հորդորեմ Ձեզ, որ այդ կարգի տեղեկությունները հենց այդպես, օդի միջից չլինեն, ընդհակառակը, ես գիտեմ, որ մեր դիրքերը էապես ամրապնդվել էին Նախիջեւանի հատվածում, եւ այս կարգի տեղեկություն պաշտոնական չկա, իսկ ես հավատում եմ պաշտոնական տեղեկություններին: Երասխի գիծը այն սահմանն է, որտեղ ուղղակի նահանջելու տեղ չկա, ես եղել եմ այնտեղ կռիվների ժամանակ, այնտեղ սահմանային գիծը այդպիսին չէ:
-Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
-Կարծում եմ, որ մեր շահերից է բխելու. մենք այսօր չունենք այլընտրանք՝ մեր անվտանգության ապահովման: Մեր համաձայնագիրը տարբերվում է այլ երկրների` Բելառուսի, Ղազախստանի համաձայնագրերի օրինակներից: Մենք միավորված համակարգ ենք ստեղծում, որտեղ ղեկավարումը մեզ է պատկանելու. մենք ենք որոշելու օդային պաշտպանության ուժերի օգտագործումը, ժամկետները եւ այլն, եւ սա էլ, կարծում եմ, որ կուժեղացնի մեր անվտանգությունը: Պաշտպանության նախարարությունը երեկ տարածել է մանրամասն հայտարարություն, որտեղ բացատրում է մեր եւ մյուսների համաձայնագրերի տարբերությունը:

 

 

 

ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՈՒԴԱՂՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: Արդյունքում նա մոտ մեկ տարվա` 11,5 ամիս, կալանքից հետո ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի արդյունքում կալանավորվել էին 4 անձ` Կապան քաղաքի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Նշենք, որ այս գործը նախ քննում էր ՀՀ քննչական կոմիտեն, հետո գլխավոր դատախազը պահանջեց նյութերը, ուսումնասիրեց, գործն ուղարկեց ազգային անվտանգության ծառայություն, ինչից անմիջապես հետո՝ դեպքից մեկուկես ամիս անց, կալանավորվեցին Արա Բուդաղյանն ու մյուս երեք անձինք:
Հենրիկ Ավագյանին մեղադրանք առաջադրվեց ապօրինաբար երկու եւ ավել անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետեր), ինչպես նաւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս), Գարեն Աթաջանյանին մեղադրանք առաջադրվեց ապօրինաբար երկու եւ ավել անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետեր), եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ Վիտալի Մինասյանին` սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ ) եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Արա Բուդաղյանին էլ մեղադրանք առաջադրվեց սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ ):
«Ժողովուրդ»-ը անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին՝ բազմիցս գրել է, որ մարզպետի դեմ սպանության փորձը շատերի կողմից պատրաստված շոու է համարվել: Բանն այն է, որ մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում վիճաբանել էր Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների հետ, ինչից հետո նրան կալանավորել էին: Եվ, ահա, ըստ լուրերի` Արա Բուդաղյանին անազատության մեջ պետք է պահեին այնքան ժամանակ, մինչեւ սակարկության արդյունքում լուծվեին Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցերը: 2015 թվականի հոկտեմբերի 5-ին մարզպետի որդուն ազատ արձակեցին, իսկ, ահա, Արա Բուդաղյանին երեկ միայն ազատություն շնորհեցին, ինչը, սակայն, պետք է վաղուց արվեր:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԱՆՎԵՐՋ ՓՈՓՈԽՈՒՄ Է
Ավելի քան երեք ամիս է, ինչ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանը ղեկավարում է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, սակայն դեռ չի հասցրել ամբողջացնել ՊԵԿ կառուցվածքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնում նշանակվել է Հրանտ Գրիգորյանը, իսկ ֆինանսահաշվային վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սարգիս Իսրայելյանը: Իսկ ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը դեռ շարունակում է թափուր մնալ:

 

 

ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Ինչպես հայտնի է՝ հունիսի 5-ին հրազենային վնասվածքից մահացել էր Էջմիածնի բնակիչ 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանը: Պարզվել էր, որ Հ. Պատուրյանին սպանել էր անհայտ անձը՝ Էջմիածնի Շահումյան 75 հասցեում՝ նախկին պլաստմասայի գործարանի տարածքում: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Էջմիածնի բնակիչ 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը, որը օրեր անց ազատ արձակվեց: Իրավապահները պարզել էին, որ վերջինս սպանության ժամանակ այլ վայրում է եղել, այլ կերպ ասած՝ ալիբի է ունեցել: Նկատենք, որ Վարդան Սախկալյանը պատահական մարդ չէ, նրա հայրը հայտնի գործարար, Էջմիածին քաղաքի ստուդիայի տնօրեն Էդուարդ Սախկալյանն է: 2011 թվականին Վարդան Սախկալյանին ծեծի էին ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ: Ծեծողներից մեկին՝ Մաչան մականունով երիտասարդին, վեճից հետո տեսել էին գեներալի կրտսեր որդու ավտոմեքենայում:

 

 

ՄԵՂՍՈՒՆԱԿ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված եւ ներկայումս «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում գտնվող Արթուր Միհրանյանը ճանաչվել է մեղսունակ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ սպանության կասկածանքով կալանավորված Միհրանյանին տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա, քանի որ չէր բացառվում, որ նա ունի հոգեկան շեղումներ: Սակայն փորձաքննության արդյունքներով կազմված եզրակացությամբ ամրագրվել է, որ մեղադրյալը հոգեկան խանգարում չունի: Նշենք, որ ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով բերման Էին ենթարկել Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին:




Լրահոս