ՄԵՐ ԱՄԵՆ ԻՆՉՆ Է ՈՒՐԻՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը վերածվել է մի մութ անտառի, որի միակ եւ հավերժական նպատակը, անկախ ամեն ինչից, տնտեսական աճ արձանագրելն է, իսկ եթե որեւէ մեկը փորձի պարզել, թե ինչպես է դա արվում, ապա դատապարտված է ձախողման:

Մի կողմ թողնենք հաշվարկների հիմքում դրված թվերի արժանահավատության հարցը եւ արձանագրենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններում նույնիսկ տարրական տրամաբանության կաննոներ չեն պահպանվում:
Այսպես՝ «համախառը ներքին արդյունք» կոչվածը տնտեսության վիճակը բնորոշող հիմնական գործակիցներից է, եթե չասենք, որ հիմնականը: Մինչեւ 2008 թվականը, այսինքն՝ Տիգրան Սարգսյանի ՀՀ վարչապետ դառնալը, Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրվում էր ՀՆԱ-ով: ՀՆԱ-ն տվյալ երկրում որոշակի ժամանակահատվածում` եռամսյակում կամ մեկ տարում արտադրված վերջնական ապրանքների եւ ծառայությունների, ներառյալ առեւտրի շուկայական արժեքն է: Այլ կերպ ասած՝ ԱՎԾ-ն տարվա ընթացքում եռամսյակներով, վերջում էլ մեկ տարվա կտրվածքով հաշվարկում էր, թե տվյալ տարում որքան ապրանք է արտադրվել, որքան առեւտուր է տեղի ունեցել ու ծառայություն մատուցվել, հանրագումարը ներկայացվում էր որպես ՀՆԱ: Եթե ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճում էր, դա նշանակում էր, որ Հայաստանում տնտեսական աճ էր արձանագրվել: Հակառակ պատկերը տնտեսական անկում էր ենթադրում:
Սակայն 2009-ից Հայաստանի պաշտոնական վիճակագիրները հնարեցին «տնտեսական ակտիվության ցուցանիշ» ասվածը եւ սկսեցին տնտեսության վիճակը դրանով բնորոշել: Այս տվյալի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հնարել են մեր պաշտոնական վիճակագիրները, եւ դրա հիմքերը, մեղմ ասած, ոչ ոք չի կարող գտնել: Իսկ ՀՆԱ-ի դեպքում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէր, քանի որ ցանկության դեպքում տնտեսագետները կարող էին այն հաշվել եւ համադրել պաշտոնականի հետ:
Մյուս կողմից ԱՎԾ-ն շարունակում է հրապարակել ՀՆԱ-ի ցուցանիշը: Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը ԱՎԾ-ն օրերս հրապարակեց այս տարվա առաջին չորս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ տվյալների հետ: Ըստ այդմ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 898 միլիարդ 232 միլիոն 600 հազար դրամ: Համապատասխան աղուսյակում ներկայացված է ՀՆԱ-ի կառուցվածքը` ըստ տնտեսական գործունեության տեսակների: Այլ կերպ ասած՝ մեկ առ մեկ ներկայացված է, թե, օրինակ, «գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եւ ձկնորսություն» դասակարգիչի տակ ներառվող գործունեության, «Հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում», «Մեծածախ եւ մանրածախ առեւտուր. ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում» եւ մնացած բոլոր տեսակի գործունեությունների արդյունքը որքան է կազմել եւ այն ընդհանուր ՀՆԱ-ի որ մասն է կազմում: Կրկնում ենք՝ այդ ցանկում ներառված են տնտեսական գործունեության բոլոր այն տեսակները, որոնց արդյունքը ներառվում է ՀՆԱ-ի հաշվարկում, ոչինչ չի մոռացվել, անգամ «Մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ»-ը եւ «Պետական կառավարում եւ պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովագրություն»-ը չեն մոռացել: Բայց արի ու տես, որ երբ ԱՎԾ-ի ցանկում ներկայացված ՀՆԱ-ի բացվածքը ըստ տեսակների գումարում ենք, բոլորովին այլ թիվ ենք ստանում` ընդհանուրից 224 միլիարդ դրամով պակաս` 664 միլիարդ 552 միլիոն դրամ: Այսինքն՝ ստացվում է Հայաստանում գոյություն ունի յուրահատուկ մի տնտեսական գործունեություն, որի արդյունքները ՀՆԱ-ի հաշվարկում ներառվում են, բայց մյուս կողմից էլ այդ գործունեությունը աշխարհին եւ պաշտոնական վիճակագիրներին հայտնի ոչ մի տեսակի մեջ չի մտնում:
Ավելին, ըստ գործունեության տեսակի՝ ներկայացված թվի կողքին նշված է նաեւ, թե այդ արդյունքը ընդհանուր ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում: Այս թվերը գումարելիս եւս այլ թիվ ենք ստանում. 100, 99 կամ 101 տոկոսի փոխարեն ստանում ենք 90,1 տոկոս:
Մի խոսքով, երբ ԱՎԾ-ի թվերին մի փոքր սկսում ես լուրջ վերաբերվել եւ ուսումնասիրել, պարզվում է, որ դրանք Հայաստանում անցկացվող ընտրությունների արդյունքներից հեչ չեն տարբերվում. իշխանությունների խելքին ինչ գալիս է, գրում են:

 

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ԴԵՄՔԵՐՈՎ
Հունիսի 17-ին նախատեսված է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ համագումարն ինչ ֆորմատով է անցկացվելու, ովքեր են դրան մասնակցելու, արդյոք այլ կուսակցության ներկայացուցիչներ են հրավիրված: «Լինելու է համագումար, որտեղ ընդունվելու է կանոնադրությունը, ծրագիրը, բնականաբար կլինեն ելույթներ, հիմնականում քաղաքական ելույթներ: Ներկա կլինեն նախաձեռնող խմբի անդամները, տարածքային կառույցների ներկայացուցիչները, գրեթե բոլոր մարզերից, ուրիշներ կլինեն, քաղաքական ուժերին երեւի չենք հրավիրի, որովհետեւ հիմնադիր համագումար է: Այսինքն՝ զուտ օրենքի պահանջներով գրանցվելու համար: Համագումարը կընտրի ղեկավար մարմին. դա վարչությունն է, նախագահն է՝ իր տեղակալներով, համակարգող մարմինն է եւ այլն: Կուսակցությունը նոր է ստեղծվում, բնականաբար մարդիկ ավելացել են: Մի ամբողջ դահլիճ մարդ է լինելու, մոտ 300 հոգի»,-ասաց Մարգարյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կուսակցության նախագահը կդառնա Վարդան Օսկանյանը, իսկ խորհրդի համակարգողը` Անդրանիկ Թեւանյանը:

 

 

ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի եւ Գողթ գյուղերի բնակիչների մոտ սպասողական վիճակ է: Թեեւ Գառնիում եւ Գողթում բնակիչների համառ պայքարից հետո դադարեցվել են շինարարական աշխատանքները, այնուամենայնիվ, հարցի լուծումը դեռ շարունակում է օդում կախված մնալ: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի հովանավորմամբ եւ ֆինանսավորմամբ ինքնահոս ոռոգման համակարգով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ ոռոգման նպատակով: Նույն պատկերն է նաեւ Գողթում, որտեղ ըստ ՀՀ կառավարության կողմից իրագործվող ծրագրի՝ Գեղարդալճից ջուրն ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի մի քանի գյուղեր՝ Ողջաբերդ, Ձորաղբյուր, Ջրվեժ: Երեկ «Ժողովուրդ»-ը նշված երկու ծրագրերի դեմ պայքարող բնակիչներից տեղեկացավ, որ առաջիկայում Հայաստան կժամանեն Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից մի քանիսը, բնակիչների հետ կքննարկեն ծրագիրը: Կկարողանան համոզել բնակիչներին, ցույց կտա ժամանակը:

 

 

ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ «ՔԱՎՈՐԸ»
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 6 մլն 66 հազար դրամ եւ 352 հազար դոլար: Նա իբրեւ եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 2 մլն 458 հազար դրամ, փոխառություն՝ 406 հազար դրամ, եւ «այլ եկամուտ» 397 հազար դրամի չափով: Երիցյանի կինը՝ Նոնա Նահապետյանը, ոչինչ չի հայտարարագրել: Հիշեցնենք, որ հենց Ներսես Երիցյանի թեթեւ ձեռքով 2012 թվականին 124 մլն դրամ ծախսվեց 2 բիոզուգարանների գնման համար, որոնք այդպես էլ չօգտագործվեցին, եւ բյուջեի փողերն այդպիսով փոշիացվեցին:

 

 
ՀԱՆԴԻՊԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Ֆլամանդական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Յան Պյումանսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ֆլանդրիայի խորհրդարանի միջեւ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

 

 

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏ
Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն: ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:

 

 

ԿՎԵՐԱՓՈԽՎԵ՞Ն
ՊՆ վարչական համալիրում երեկ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպում: Իր ելույթում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը նշել է. «Դեպարտամենտի առջեւ խնդիր դրված չէ` էժան ապրանք մատակարարել, դեպարտամենտի առջեւ խնդիր է դրված որակյալ եւ ժամանակին նյութական միջոցներ ապահովել: Լրատվամիջոցները տարածում են նյութեր, որոնցում շեշտադրվում են բանակի նյութաապահովման խնդիրները եւ բացթողումները: Իհարկե, մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը, բայց այն մասը, որը համապատասխանում է, բավարար է, որպեսզի մենք լուրջ միջոցներ ձեռնարկենք նման խնդիրները լուծելու ուղղությամբ,- ասել է Հակոբյանը՝ հավելելով,- որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, պատվիրատուն, մրցույթ հայտարարողը եւ ապրանք ընդունողը տարանջատվելու են»:

 

 

ԱՋԱԿՑՈՒՄ Է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Հրապարակված տեսագրությունում Օբաման կարծիք է հայտնել, որ երբեք նման պատրաստված նախագահի թեկնածու չի եղել։

 

 

ՀՕՊ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ինքնուրույն եւ արդիական ՀՕՊ համակարգը Արցախի անվտանգության անհրաժեշտ երաշխիք է: Այս մասին ասված է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունում: «Համաձայնագրով ստեղծվող ՀՕՊ համակարգի հիմնական հատկանիշները բնորոշ չեն միավորված ռազմական համակարգերին: Միավորված ռազմական համակարգի պարագայում կողմերը միավորում են ուժերն ու միջոցները, սակայն իրենց իրավասության տարածքում պահպանում են բոլոր դեպքերում (խաղաղ, սպառնալի եւ պատերազմական) դրանք իրենց հայեցողությամբ օգտագործելու հնարավորությունը, ինչպես նաեւ հավասար հիմունքներով մասնակցում են այդ համակարգի կառավարմանը: Մինչդեռ Համաձայնագրով փաստացի ստեղծվում է ռուսական կողմի գերակա դերով ՀՕՊ միասնական (միացյալ) համակարգ: Համաձայնագրով նախատեսվում է սպառնալի ժամանակահատվածում եւ պատերազմի ժամանակ կողմերի ՀՕՊ զորքերը (ուժերը) կիրառել միասնական մտահղացմամբ եւ պլանով, ինչը, որպես կանոն, բնորոշ է միասնական (միացյալ) համակարգերին»,- ասված է հայտարարությունում:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն Գյումրիի առաջիկա ՏԻՄ ընտրություններում պաշտպանելու է գործող քաղաքապետ, ԲՀԿ նախկին անդամ Սամվել Բալասանյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ասել է. «Բալասանյանն աշխատում է իր տեղում: Բայց կոնկրետ անուններ մենք դեռ չենք քննարկել: Կգան ընտրությունները, եկող շաբաթ, մոտ օրերս մենք կքննարկենք այդ հարցը, որից հետո կհայտնենք»:




Լրահոս