ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՄԱՐԴ Է ԾԵԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի մարտի 15-ին (երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն որսը չէր սկսվել) ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը: Նույն օրը կալանավորվեց նաեւ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ մինչ այս աղմկահարույց կալանավորումները, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Ս. Խաչատրյանի դեմ:

Պաշտոնական վարկածը
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ գնդապետ Սամվել Խաչատրյանը 2015թ. դեկտեմբերին ծառայության բերումով տեղեկացել է, որ «Էլ թեք Քոմփ» ՍՊ ընկերությունը 2015 թ հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ծառայությունների գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ, ինչի կապակցությամբ վերադասի հանձնարարությամբ որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել: Գերշահույթի վերաբերյալ ստուգման արդյունքներն իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ նյութերն իրավապահներին չուղարկելուն նպաստելու դիմաց գնդապետը գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանի միջոցով ՍՊ ընկերության տնօրենից 2016թ. մարտի սկզբին պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 5 մլն դրամ գումար կաշառք: Այդ նպատակով 2016 թվականի մարտի սկզբին Ղարիբջանյանը հանդիպել է ընկերության տնօրեն Ս. Ավագյանին եւ հայտնել գնդապետի՝ 5 մլն ՀՀ դրամ գումար կաշառք ստանալու պահանջը, իսկ մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում անձամբ հանդիպել է նրան եւ ստացել պահանջված գումարը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀԿԳ ավագ քննիչը մարտի 18-ին վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառակերություն) Նախաքննությունը շարունակվում է, իսկ պաշտոնյաները կալանավորված են:

Սեյրան Օհանյանին
զեկուցել են
Ինչպես հայտնի է՝ շատ հաճախ պաշտոնական վարկածները իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Եւ այս կաշառքի պատմությունը հենց այդ ժանրից է: «Ժողովուրդ»-ը զրուցեց գնդապետ Սամվել Խաչատրյանի հարազատների հետ, որոնք հայտնեցին, որ իրականում ձերբակալվելուց մոտ 11 օր առաջ` մարտի 3-4-ին, Սամվել Խաչատրյանը զեկուցել է իր վերադասներին` ՊՆ աշխատակազի ղեկավար Գառնիկ Հայրապետյանին եւ վարչության պետ Արտակ Հակոբյանին` նրանց հայտնելով, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ն գերշահույթ է ստանում: Ենթադրվում է, որ նրանք էլ պետք է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին զեկուցած լինեն գերշահույթներ ստացող ընկերության մասին: Քանի որ Սեյրան Օհանյանին ՍՊԸ-ի անունը ոչինչ չի ասել, նա հանձնարարել է պայմանագրի առարկա ապրանքի գնագոյացման վերաբերյալ տեղեկություններն ու բոլոր նյութերն ուղարկել ՀՀ զինվորական դատախազություն:
Բայց քանի որ ֆինանսական խարդավանքների բացահայտումը չափից դուրս ցավոտ թեմա է ՊՆ միջինից բարձր օղակներում գտնվող ատկատի սիրահարների համար, ուստի այս գործը անպատկերացնելի ընթացք է ունեցել: Եւ այսօր Սամվել Խաչատրյանը կալանավորված է իր կողմից բացահայտված չարաշահումների գործով:

Ներքին խմորումներ ՊՆ-ում
Տեղեկացնենք, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ն արդեն երեք տարի է, ինչ ՊՆ-ին համապատասխան տեխնիկա է մատակարարում: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՍՊԸ-ն թեեւ պաշտոնապես գրանցված է Սուրեն Ավագյանի անունով, այնուամենայնիվ, իրականում ընկերությունն առնչվում է Սեյրան Օհանյանի խորհրդական Բաբկեն Վարդանյանի եւ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովի հետ:
Սակայն ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ. «Ցանկացած մատակարար ընկերության անուն թափանցիկ է մեզ մոտ… Որեւէ ընկերության եւ որեւէ պաշտոնյայի կապի մասին ոչինչ ասել չեմ կարող: Կարծում եմ՝ դրանք հերթական վարկաբեկիչ նպատակ ունեցող խոսակցություններից են, ու առաջին անգամ չէ, ցավոք, որ այս կամ այն մատակարարին կապում են ՀՀ այս կամ այն պաշտոնյայի հետ»:
Իհարկե, գուցե եւ «վարկաբեկիչ նպատակ ունեցող խոսակցություններ» են պտտվող լուրերը, բայց իրողություն է այն, որ երբ Սամվել Խաչատրյանը «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի ստացած գերշահույթների մասին բարձրաձայնել է ՊՆ-ում, լուրը հասել է նաեւ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովին: Սամվել Խաչատրյանի հարազատների պնդմամբ, Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը մի քանի անգամ զգուշացրել է Սամվել Խաչատրյանին, որպեսզի դադարի գործ ունենալ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի հետ եւ լռի, հակառակ դեպքում կփոշմանի: Սակայն Խաչատրյանը չի լսել հորդորները` որոշելով, այնուամենայնիվ, ընթացք տալ եւ զեկուցել վերադասին` այդպես, թերեւս, փորձելով ապահովագրել ինքն իրեն:

Ռազմական
ոստիկանությունում ծեծել են
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արսեն Ղարիբջանյանի պաշտպան Էդգար Բադեմյանը հայտնեց, որ իր պաշտպանյալ Արսեն Ղարիբջանյանը պատմել է` երբ իրեն տարել են ՀՀ ռազմական ոստիկանապետի տեղակալ Արմեն Հարությունյանի աշխատասենյակ, այնտեղ է եղել Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը. «Արմեն Հարությունյանը բացատրություն է ուզել, թե ինչ ես արել, Սերգեյ Հայրապետովը վեր է կացել, գնացել, մի քանի անգամ հարվածել Արսեն Ղարիբջանյանին` պնդելով, որ նա անպայման ասի, թե դա եղել է այսպես: Արսեն Ղարիբջանյանը Սուրեն Ավագյանից գումարը վերցրել է գնդապետ Սամվել Խաչատրյանին փոխանցելու համար` որպես կաշառք: Արսեն Ղարիբջանյանը ասել է, որ նման բան չկա, չեմ ասի: Նրանք, իրենց բառերով ասեմ էլի. «կկորցնենք, էլ կյանքում ազատության երես չես տեսնի, բայց եթե ասես, ոնց քեզ ասում ենք, ազատության մեջ կլինես»: Դրանից հետո ժամը 4-ի սահմաններում ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչականի ավագ քննիչ Գեւորգ Խաչիկյանը, որը նույն բանն է պնդել, թե դու ասա, որ Սուրեն Ավագյանից գումարը վերցնում էիր, որ տանեիր, Սամվել Խաչատրյանին տայիր, որ վերջինս կոծկեր նրա կատարած հանցագործությունը, ու մենք քեզ թեթեւ, մեղմ հոդված կդնենք, չես դատվի»:
Ըստ փաստաբանի՝ քննիչ Գեւորգ Խաչիկյանն ասել է՝ եթե պաշտպան պահանջես, մենք չենք կարող այս պահին քեզ թողնել, ստիպված պիտի կալանավորենք ու պահենք, մինչեւ փաստաբան գա: «Ըստ քննիչի՝ դա մի սուտկա կտեւի, հիմա երկու տողով կարաս գրես այն, ինչ քեզ ասում ենք, կթողենք, կգնաս: Ու նա հավատալով, գրել է, մենակ թե այնտեղից դուրս գա, քանի որ, իր պատմելով, ռազմական ոստիկանության այդ սենյակ 50 ավել մարդ է մտել, դուրս են եկել հայհոյանքներով»,- պատմեց փաստաբանը` հայտնելով, որ այդ ընթացքում ինքը ՌՈ շենքի մոտ սպասել է, թե երբ է քննիչը իրեն որպես փաստաբան ներգրավելու, քանի որ Խաչիկյանը փաստաբանին ասել է, թե այլ գործով է զբաղված, պետք է սպասել իրեն: Փաստաբանական կողմը ստիպված է եղելՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ զանգահարել, որտեղից աշխատակիցները անմիջապես եկել են ՌՈ, սակայն նրանց եւս արգելվել է ներս մտնել:
Ահա, այսպես խաբելով՝ ճնշումներ են գործադրել, ու Ղարիբջանյանն էլ, չդիմանալով դրանց, կուլ է գնացել եւ կատարել անվտանգության պետի պահանջը` ցուցմունք տալով, թե գումարը վերցրել էր եւ պետք է տար Սամվել Խաչատրյանին: Հենց այս ցուցմունքի հիման վրա էլ մարտի 15-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Սամվել Խաչատրյանին կանչել են ռազմական ոստիկանություն` որպես վկա: Սակայն երբ նրան պահել են մի քանի ժամ, Խաչատրյանը պաշտպան է պահանջել: Քննիչ Խաչիկյանը դարձյալ հնարավորություն չի տվել գնդապետին` փաստաբան ունենալ: Եւ նույն օրը՝ ժամը 2:40-ի սահմաններում, նրան ներգրավել է գործում արդեն որպես մեղադրյալ եւ կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան: Ահա, այսպես Սեյրան Օհանյանի անվտանգության պետի ծրագրած հաշվեհարդարը իրագործվել է:

Զղջացել է
Ավելի ուշ, երբ Արսեն Ղարիբջանյանը հասկացել է, թե ինչ լրջության ցուցմունք է գրել եւ գնապետ Սամվել Խաչատրյանին զուր տեղը ներգրավել գործում որպես գլխավոր կաշառակեր, արդեն փաստաբանի միջոցով հայտարարել է, թե ինչ պայմաններում է ցուցմունք տվել:
Իրավապահներն էլ ցույց տալու համար, որ ամեն ինչ օրենքի շրջանակում են իրականացրել, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Արսեն Ղարիբջանյանի հայտարարության հիման վրա առանձին քրեական գործ է հարուցվել: Այդ գործով Արսեն Ղարիբջանյանը քննիչին ցույց է տվել իր մարմնի վրա առկա կապտուկները, ապա ցուցմունք տվել, որ իրեն Սերգեյ Հայրապետովը հայհոյել է, սպառնացել, ծեծել եւ ստիպել է գրել Սամվել Խաչատրյանի անունը` իբրեւ թե նրան էր տալու 5 մլն դրամը: Սամվել Խաչատրյանի պաշտպան Արման Թամրազյանի խոսքերով՝ Խաչատրյանն իր ցուցմունքում գրել է, որ իր եւ Արսեն Ղարիբջանյանի միջեւ եղած առերես հարցաքննության ժամանակ անձամբ տեսել է, որ Արսեն Ղարիբջանյանը դժվարությամբ է շարժվել, մի ձեռքը՝ մեջքին, մյուսը՝ գլխին:
Քննիչ Մանվել Ադամյանը Ղարիբջանյանի եւ նախարար Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովի ու ՀՀ ռազմական ոստիկանապետի տեղակալ Արմեն Հարությունյանի միջեւ եւս առերեսում է կազմակերպել, որի ընթացքում Արսեն Ղարիբջանյանը դարձյալ պնդել է, որ իրեն ծեծել է Հայրապետովը, սակայն քննիչ Մանվել Ադամյանը որոշել է չհավատալ Ղարիբջանյանին եւ կարճել է քրեական գործը` հանցակազմի բացակայության հիմքով:

Քավության նոխազ
Խաչատրյանի փաստաբանը հայտնեց, որ «Պարոն Խաչատրյանը ինձ ասել է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում»: «Ժողովուրդ»-ը ՀՀ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց պարզել, թե ի՞նչ է հայտնի ՊՆ-ում, նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ՀՀ ռազմական ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում բռունցքով մի քանի անգամ հարվածել, հայհոյել, սպառնացել ու ծեծել է ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին: «Պաշտպանության նախարարությունում ընդհանրապես նման երեույթ, նման պրակտիկա չկա: Այն էլ ձեր ասած դեպքով, ընդհանրապես, ծիծաղելի է: Ձեր տեղեկությունները զրպարտություններ են եւ խորհուրդ կտամ ընդհանրապես չփորձել նյութեր տարածել, որոնք կվարկաբեկեն պաշտպանության նախարարությանը»,- ահա այսպիսի պատասխան տվեց ՊՆ խոսնակը:

Անպատասխանատու
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ քննիչ Գեւորգ Խաչիկյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչու թույլ չի տվել, որ Սամվել Խաչատրյանը եւ Արսեն Ղարիբջանյանը փաստաբաններ ունենան, կարողանան պաշտպանել իրենց իրավունքները: «Ձեր հարցերով դիմեք մեր լրատվության բաժին: Հիմա հեռախոսով զանգել եք, ես ի՞նչ պետք է Ձեզ ասեմ»: Իսկ, ահա, ավելի ուշ հայտնեց՝ կաշառակեր խարդախ մարդիկ են, փրփուրներից են ձեռքները գցում, բոլոր փաստերը կան՝ տեսագրություններով, ձայնագրառումներով տեսանկահարահանումներով, որոնք հիմնավորում են իրենց կատարած արարքները:
Իսկ, ահա, ծեծի գործով քննիչ ԶՔԳՎ քննիչ Մանվել Ադամյանը նախ ասաց, որ հեռախոսով հարցերին չի պատասխանում, երբ հայտնեցինք, որ պատրաստ ենք գալ եւ նկահարանել, թե ինչ հիմնավորմամբ է նա կարճել նախարարի անվտանգության պետի կողմից իրականացված ծեծի գործը, ընդհանրապես հրաժարվեց խոսել:
Հավելենք, որ դատական համակարգն էլ, որպես այդպիսին, քննիչների ձեռքի գործիքն է: Կալանքի բոլոր միջնորդությունները բավարարում է:
Սա մի դրվագ է հայրենի իրավապահ համակարգում տիրող բարքերից: Եւ այսքանից հետո մարդիկ աղաղակում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ մարդկանց «քավության նոխազ» դարձնելով՝ հանիրավի պահում կալանքի տակ:
Տեսանյութը ArmLur.am-ում՝ երկուշաբթի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս