ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Իսակովի պողոտայում
Այս տաքսու վարորդը նույնպես դասվում է այն վարորդների շարքին, որոնք իրենց մեքենաների ապակիների վրա փակցնում են հայոց բանակին եւ հայ զինվորներին գովաբանող գրություններ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ովքե՞ր իրավունք ունեն Հայաստանում աշխատել առանց աշխատանքի թույլտվության:
Միքայել Դանիելյան (63 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել՝
ա) ՀՀ-ում մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները,
բ) առանձին հիմքերով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,
գ) ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա,
դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք,
ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները,
զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ ՀՀ-ում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով:
շարունակելի
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «ՀՀ աշխատանաքային օրենսգրքի» համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում ՀՀ-ում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը: Եվ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամները ուսումնական հաստատություն ընդունվելիս:
Սվետա Մանուկյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները: ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:
Հայտնում ենք, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշմանդամների վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական եւ սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը: Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության եւ սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով: