ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆԴԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (առավել հայտնի “Վոսմոյ գորոդոկ” անվամբ) բազմաթիվ հայ ընտանիքների վտարում են իրենց բնակարաններից: Հայ ընտանիքներին պարտադրում են ազատել բնակարանները, որպեսզի դրանք հատկացվեն Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող ռուս զինվորականների ընտանիքներին: Ռուսական հրամանատարությունը հայերին թերթիկներ է բաժանել, որտեղ նշված է, որ նրանք տասնօրյա ժամկետում պարտավոր են հեռանալ իրենց տներից:
Գյումրու 8-րդ թաղամասը հայտնի է որպես ռուսական թաղամաս, սակայն այնտեղ քիչ չեն նաեւ հայաստանցիներն ու ՌԴ քաղաքացի հայերը:
“Արդեն մի քանի անգամ է, ինչ հարեւաններով գնում ենք ռազմաբազա, սակայն ռուսական հրամանատարության հետ հանդիպել չի հաջողվում, ճարահատյալ փորձում ենք ոչ բարձրաստիճան զինվորականներից բան իմանալ, սրանք էլ անընդհատ ,պատոմ, պատոմե են ասում”,-ներկայացրեց 8-րդ թաղամասի բնակիչ Աշոտ Կիրակոսյանը: Նրա խոսքով` բնակիչները թաղամասում ապրող ռուսներից լսել են, որ ավելի քան 2000 ռուս ընտանիք է շուտով ժամանելու Գյումրի, քանի որ ռազմաբազան համալրվելու է. “Մեր բնակարանների հաշվին իրենց համալրվելուց “գոհ” ենք, ինչ ուզում են, անեն, միայն թե մեզ անտուն չթողնեն”:
Ստեղծված իրավիճակի մասին ռուսական կողմի արձագանքը լսելու նպատակով “Ժողովուրդ”-ը զանգահարեց 102-րդ ռազմաբազա, ինչպես նաեւ Գյումրիում ՌԴ հյուպատոսարան, սակայն երկու կառույցներից էլ մեզ ասացին, որ որեւէ մեկնաբանություն տալ չեն կարող:
Դիմեցինք նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն` հետաքրքրվելով, թե ինչն է պատճառը, որ Ռուսաստանը որոշել է Գյումրիում գործող 102-րդ ռազմաբազան համալրել, այն էլ շուրջ 2000 զինվորականներով: Սակայն դեսպանատնից եւս ոչինչ չասացին, ընդամենը փոխանցեցին, որ այդ հարցի շուրջ մանրամասների իրենք չեն տիրապետում:
“Ժողովուրդ”-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ խուճապի մատնվել պետք չէ. դեռ ոչ մի որոշում չկա: Թեեւ ինչ-որ թերթիկներ են տրվել բնակիչներին, բայց մինչեւ հայկական կողմի հետ հարցը չքննարկվի, քաղաքացիներին դուրս հանող չի լինի. “Քննարկումներ կազմակերպվելու են, ռուսական հրամանատարության հետ ամեն ինչ հստակեցվելու է, համենայնդեպս, ընտանիքները դրսում չեն մնաե: Հարցին, թե որն է 102-րդ ռազմաբազան համալրելու որոշման պատճառը, ՊՆ խոսնակն ասաց, որ ինքն այդ մասին տեղեկություն չունի: “Հավանաբար ռուսական կողմն այդ մասին հայտարարություն կանի”,-ենթադրեց նա:
Իսկ առայժմ, ինչպես տեսնում ենք, ռուսական կողմը որեւէ տեղեկատվություն չի տրամադրում:  Ռուսների այս արհամարհական, անգամ ագրեսիվ  վերաբերմունքը կարծես թե  խորանալու միտում ունի: Դրա դրսեւորման ամենաթարմ օրինակը “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպն է, երբ Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին հարձակվել էին պատգամավորի վրա եւ կոտրել տեսախցիկը: Փոստանջյանի խոսքով՝ հարձակվողները ՌԴ-ի Ղհը-ի աշխատակիցներ են եղել, մեկն էլ ներկայացել է ռուս սահմանապահ:
“Ժառանգության” քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` ռուս սահմանապահն իրավունք չունի ՀՀ քաղաքացու, առավել եւս պատգամավորի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակել: “Թեեւ դեռ չեմ հասցրել Զարուհու հետ խոսել, բայց վստահ եմ, որ նա սահմանը հատելու միտք չի ունեցել: Աշխարհագրորեն այդ տեղանքը լավ չեմ պատկերացնում, բայց փաստ է, որ որեւէ պատճառ չեն ունեցել նման կերպ վարվել ՀՀ քաղաքացու, ՀՀ ԱԺ պատգամավորի հետ”,-ասաց Սաֆարյանը` հավելելով, որ մտահոգիչ է հատկապես այն, որ ռուսներն արդեն իրենց իրավունք են վերապահում մեր սեփական երկրում մեր իրավունքները սահմանափակել:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը պահանջել է առաջին հերթին միջադեպի համար պաշտոնապես ներողություն խնդրել, ապա փոխհատուցել պատճառած վնասի համար եւ պատասխանատվության կանչել ռուս զինծառայողին:
Հ.Գ. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում սահմանապահ վարչությունից հայտարարություն տարածեցին, որ Զ. Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի վայր է ժամանել սահմանապահ ծառայության ներկայացուցիչը, որը ճշտել է դեպքի մանրամասները եւ կարգավորել խնդիրը: Ըստ սահմանապահ վարչության՝ Զ. Ա. Փոստանջյանը եւ նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին: Իրենց գործողություններով Զ. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարումը` կապված սահմանի պահպանության հետ՝ դրանով իսկ հանցագործների փնտրտուքի եւ ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով: ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը ցավում է տեղի ունեցածի համար: 
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 626 համար




Լրահոս