ArmLur.am-ի տեղեկություններով, մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
Այս գործով նյութերն արդեն երրորդ անգամ են ուղարկվում նույն դատարան: Բանն այն է, որ դատարանի նախագահ Դավիթ Բալայանն այն հետ էր ուղարկում՝ պահանջելով քրեական գործում առկա թերությունները շտկել:
Հիշեցնենք, որ հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել ու չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը: