Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Արգենտինայի Մարդու իրավունքների պետական քարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն այսօր ընդունել է Արգենտինայի Մարդու իրավունքների պետական քարտուղար Կլաուդիո Բերնարդո Ավրուխին:

Արսեն Մկրտչյանը, բարձր գնահատելով Կլաուդիո Ավրուխի հայանպաստ գործունեությունը և կարևորելով հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանք զարգանում են դինամիկ և փոխշահավետ մթնոլորտում:

Նախարարի առաջին տեղակալը, անդրադառնալով երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությանը, ընդգծել է, որ այն խորացնելու մեծ ներուժ կա, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության ոլորտներում:

Արգենտինայի մարդու իրավունքների պետական քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ կա ցանկություն և կամք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում փորձի փոխանակման և արդարադատության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել քննարկվող ուղղություններով փոխգորակցության խորացման ու զարգացման ուղղությամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն




Լրահոս