Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊԵԿ-ը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին պատկանող «Ռադիո հայ» եւ «Ա-3» ընկերություններում որոշել է անցկացնել չափագրումներ: «Ժողովուրդ»-ն Ա. Ղուկասյանից պարզեց այլ մանրամասներ, ըստ որոնց՝ մինչ այս «հետապնդումը» նշված ընկերությունների տնօրենն է եղել Ա. Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, եւ երկու ընկերությունների գործունեությունները միմյանց հետ կապակցված չեն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՊԵԿ-ի գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն, նամանավանդ որ 2 ընկերությունները ներառված չեն ՊԵԿ-ի կողմից 2013-2014թթ. ստուգվող ձեռնարկությունների ցանկում:
Ավելին, նշված ընկերությունները չեն զբաղվում արտադրությամբ եւ չեն ներմուծում ապրանքներ, ուստի անհասկանալի է դառնում, թե ինչը պիտի չափագրեն: Ըստ Ա. Ղուկասյանի՝ նույն հարցն անհասկանալի էր նույնիսկ իրենց այցելած ՊԵԿ տեսուչին, որն իր այն հարցին, թե ինչն են չափագրելու, պատասխանել է, թե Դո՛ւք ասեք, նախ ծանոթանանք ընկերության՝ 2009թ.-ից սկսած ամբողջ գործունեությանը, հետո կորոշենք:
Ստացվում է, որ ՊԵԿ-ն ինքն էլ չգիտի, թե ինչն է ուզում չափագրել: Ընդ որում, ըստ Ա. Ղուկասյանի՝ ՊԵԿ-ի հանձնարարագրում ձեւակերպումները հստակ չեն. «Եվ այդ ոչ հստակ ձեւակերպումների միջոցով ՊԵԿ-ը նպատակ է հետապնդում լայն լիազորություններ սահմանել ստուգողներին ոչ թե չափագրումներ իրականացնելու, այլ կատարելու ֆինանսատնտեսական համալիր ստուգում: Այսինքն՝ չափագրումները պարզապես քողարկում են ստուգման այլ տեսակը»:
Ելնելով նրանից, որ ՊԵԿ հանձնարարագրում հստակ նշված չի եղել չափագրությունների հիմքը, նպատակը, ժամը եւ վայրը՝ Ա. Ղուկասյանը ՊԵԿ-ին արգելել է չափագրումներ իրականացնել: Ա. Թարխանյանն էլ իր հերթին դիմել է ՄԻՊ-ին եւ խնդրել նրա միջամտությունը հարկային մարմնի իրական նպատակները պարզելու հարցում:
Ղուկասյանի նկատմամբ այս «հետապնդումը» նոր չէ: Նրան սնանկացնելու ուղղությամբ տարաբնույթ քայլեր են արվել. այս տարվա փետրվարի 1-ին ՌԴ «Գոլոս Ռոսիի» ընկերությունը խզեց «Ռադիո հայ»-ի հետ համագործակցությունը՝ որպես պատճառ նշելով Ա. Ղուկասյանի քաղաքական գործունեությունը: Նույն «Ռադիո հայ» ընկերությունը 2002-ից անհատույց հիմունքներով զբաղեցնում է տարածք Բուզանդի 1/1 շենքում, եւ Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ այդ տարածքից ընկերությունը դուրս հանելու խնդրով: Նիստը նշանակված է սեպտեմբերի 30-ին: Բացի այդ՝ «Ա-3» ճարտարապետական ընկերությունը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի կողմից անցկացվող՝ սահմանային անցակետերի կառուցման նախագծերի վերաբերյալ մրցույթին, եւ մարտի 5-ին նրան անհիմն զրկել են մասնակցելու իրավունքից:
ՊԵԿ-Ը ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ