«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է Մասիսի տարածաշրջանի գյուղերի ազգաբնակչությանը: Անհրաժեշտության դեպում, երբ մարդիկ ստիպված են լինում դիմել շտապօգնության ծառայությանը, ոչ բոլորը գիտեն այն հեռախոսահամարը, որով կարելի է զանգել եւ շտապ բուժօգնություն խնդրել հիվանդանոցից: Սովորաբար առաջին զանգը, որ մարդիկ կատարում են ցանկացած կապի օպերատորի միջոցով, 1-03 հեռախոսահամարով է: Բայց այս հեռախոսահամարը միացնում է անմիջապես Երեւան քաղաքի շտապօգնության ցանցին: Այնտեղից նոր տեղեկացնում են, որ պետք է հավաքվի համապատասխան կոդը, որի դեպքում կապ կհաստատվի Մասիսի շտապօգնության ծառայության հետ: Եվ ոչ բոլորը գիտեն Մասիս քաղաքի հեռախոսացանցի կոդը ու մինչեւ այստեղից-այնտեղից իմանում են եւ զանգում, այս ամենը գնում է բժշկական օգնության կարիք ունեցող մարդու կյանքի ժամանակից: Բայց սա դեռ ամենը չէ:
Պարզվում է, որ ավելի քան 30 գյուղի սպասարկումը դրված է մեկ շտապօգնության մեքենայի վրա, որը, բնականաբար, չի կարող հասցնել ժամանակին ներկայանալ եւ հիվանդին օգնություն հասցնել: Մինչեւ հերթը տվյալ զանգին հասնելը, պարզվում է, որ կան մի քանի կանչեր, որոնք ավարտելուց հետո միայն շնչակտուր բժիշկները կարող են գալ քո կանչի ետեւից: Շտապօգնությունն այստեղ ստանում է օրական 17-18 կանչ:
…Մասիսցիներն ասում են, որ այն ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանն է իր կուսակից, նախկին նախարար Քուշկյանի օրոք Մասիսի համար ձեռք բերել: Ու չնայած այս մեքենան նոր է, հավանաբար, տեխնիկապես զինված, բայց, ամեն դեպքում, էլի չի բավականացնում ազգաբնակչության սպասարկումը բարելավելուն։
Մասիսցիները պատմում են, որ մոտ երկու տարի առաջ, երբ Նոր Կյուրիի մի բնակչի կերակրի մասնիկն ընկել էր շնչափողը, կանչել էին շտապօգնություն, այն մինչեւ տեղ էր հասել, մարդը մահացել էր: Ասում են նաեւ, որ երբ կանչում են, ասում՝ ասենք, 70 տարեկան կինը կաթվածահար է եղել, կամ մեկ այլ մահացու իրավիճակ է մարդու մոտ, շտապօգնությունից ասում են՝ դուք բերեք-հասցրեք հիվանդանոց: Մինչդեռ նման հիվանդներին տեղափոխելը հատուկ մասնագիտական մոտեցում է պահանջում։
…Բուժհաստատության այս վիճակը հակասում է կառավարության եւ առողջապահության նախարարության ինքնագովազդին, թե մարզային բոլոր հիվանդանոցներն ուշադրության կենտրոնում են, ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով ու մեքենաներով: Մասիսի հիվանդանոցը, բացի շտապօգնության մեքենայից, ունի շատ այլ խնդիրներ եւս, որոնց դեռ կանդրադառնանք:
Մենք հեռախոսով զրուցեցինք հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանի հետ: Հարցին, թե կոնկրետ քանի գյուղերի է սպասարկում այդ 1 շտապօգնության մեքենան, տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը տվեց զարմանալի պատասխան. «Գյուղ չի սպասարկում, տարածաշրջան է սպասարկում»: Նա, հավանաբար, նկատի ուներ Մասիսի տարածաշրջանը, բայց այդ տարածաշրջանը բաղկացած է հենց գյուղերից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: