«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում, պարզվում է, պետական գերատեսչություններից ամենաթանկ ավիատոմսերը ձեռք է բերում արտաքին գործերի նախարարությունը: Համենայնդեպս, այդպես է երեւում ՀՀ կառավարության կայքի համապատասխան բաժնից:
Օրինակ՝ հունիսի 5-8-ը Երեւան-Բիշքեկ-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար ԱԳՆ-ն վճարել է 547.00 դրամ, կամ մոտ 1100 դոլար: Կամ՝ հունիսի 11-17-ը Երեւան-Սոֆիա-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 531.000 դրամ, նույն օրերին Երեւան-Բեռլին-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 401.700 դրամ: Մայիսի 26-27-ը Երեւան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար էլ վճարվել է 249.000 դրամ եւ այդպես շարունակ:
Մենք փորձեցինք ճշտել, թե առաջիկա օրերին՝ հունիսի 25-29-ը այս ուղղություններով ինչ արժի մեկ ավիատոմսը, եւ պարզվեց, որ Երեւան-Մոսկվա-Երեւանն արժի 105-135 հազար դրամ, այսինքն՝ գրեթե կրկնակի էժան: Կամ Երեւան-Բիշքեկ-Երեւանն արժի 333 հազար դրամ: Երեւան-Բեռլին-Երեւանը՝ մոտ 200 հազար դրամ:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԳՆ-ի գնած ավիատոմսերի գներն ավելի շուտ համապատասխանում են ոչ թե էկոնոմ, այլ բիզնես դասի գներին, բայց որպեսզի դա շատ ակնհայտ չլինի, ներկայացնում է որպես էկոնոմ-տոմսեր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: